Նախկինների կեղտերը քողարկելու նոր մեթոդ. «Քննչական Կոմիտե»-ում ձևը գտել են
2019-10-22 22:47:00
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հաստատել է, որ իր կողմից կառավարվող գերատեսչությունը կարևոր գերխնդիր ունի: Բազմաթիվ քրգործեր են կարճվում վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով՝ չնայած այն հանգամանքին, որ գործերի հետաքննման ու բացահայտման վրա շատ ռեսուրսներ են վատնվում:
Իհարկե, Գրիգորյանի պնդումները գուցե արտացոլում են նրա իսկ կողմից ղեկավարվող գերատեսչության ներսում ներկա իրավիճակը, սակայն, աներկբա է նաև, որ մամուլ սպրդած այսօրինակ տեղեկությունն առաջ է բերում նաև մի շարք անպատասխան մնալու ռիսկի տակ գտնվող հարցադրումներ:
Նախ՝ անհասկանալի է այն հիմնավորումը, որ բերվում է՝ կապված ռեսուրսների վատնման հետ:
Մասնավորապես՝ հարց է առաջանում, թե ինչի՞ց է ծնվում տրտունջքը, սեփական գործը կատարելը կարո՞ղ է տրտունջքի պատճառ դառնալ: Եթե հանցագործությունը բացահայտվում է, բայց հայտարարվում է, որ վաղեմության հիմքով հանցագործը չի կարող պատասխանատվության ենթարկվել, ապա էլ ո՞րն է ռեսուրսներ ներդնելու իմաստն՝ առհասարակ:
Բարձրացված հարցը հատկապես սուր է հնչում այլ երկրների քաղաքացիների նկատմամբ կատարված ոտնձգությունների համատեքստում, երբ, նմանօրինակ դեպքերում, աշխատանքի ծավալն է՛լ ավելի է մեծանում, տեղի իրավապահներին օգնության են գալիս օտարեկրյա հատուկ մարմիններն և այլն: Էլ ինչո՞ւ է Քննչական կոմիտեն այդքան եռանդ դնում իր գործունեության մեջ, եթե դրա վերջնարդյունքը, փաստորեն, զրոյական է լինելու. մեղավորները չեն պատժվելու:
Արդյոք այս ամենում չկա՞ սուբյեկտիվիզմի կամ դիտավորության գործոն:
Արդյոք Քննչական կոմիտեն միտվա՞ծ է աղմկահարույց գործերը երկարացնելու դե յուրե, որպեսզի հետո դե ֆակտո հայտարարի, թե վաղեմության հիմքով գործը կարճվեց:
Արդյոք միտումնավոր խա՞ղ է գնում, որի նպատակն իրականությունից խույս տալն ու ավելորդ գլխացավանքներից ազատվելն է:
Օրինակ՝ եթե հանցագործություն կատարած անձը բացահայտված է, սակայն վաղեմության ժամկետի հիմքով գործը կարճվում է, ինչո՞ւ այդ պարագայում ՔԿ-ն գործը չի առանձնացնում և առանձին մասով չի քննում, հատկապես եթե հանցագործություն կատարած անձը նախկին կամ ներկա պաշտոնյա է, ով թույլ է տվել պաշտոնեական չարաշահում՝ ասենք գաղտնի ինֆորմացիա հանրայնացնելով:
Է՛, եթե պետք է այսպես լիներ, էլ ինչո՞ւ համար էր այս ողջ հեղափոխությունը: Հեղափոխություն էր արվում, որ ասվեր, թե վաղեմություն ունեցող գործերը կարճվելո՞ւ են, իսկ մեղավորներն էլ շվշվացնելով ազատ կյանք վայելելո՞ւ ու պատրաստվելու նոր հանցագործության:
Այսքանից հետո ակնհայտ է, որ հասարակությունն իրավունք է վաստակում՝ նույն Քննչական կոմիտեին մեղադրելու իշխանությունների ունեցած մութ ծրագրերին մասնակից դառնալու մեջ, նախկինների կեղտերը քողարկելու ու նրանց օգնելու մարսել ժամանակին գործած հանցանքները: Եվ, եթե, ժամանակին ԱԱԾ-ի «բռոնցի» շոուներով էին կերակրում, ապա հիմա հերթը հասել է Քննչական կոմիտեին՝ միայն թե այն տարբերությամբ, որ Քննչական կոմիտեն իր անգործությունը հիմնավորելու համար բավական ինքնատիպ հիմնավորում է փնտրել ու գտել՝ ի դեմս վաղեմության ժամկետների մասին լոլոների:
Եթե այդպես է, այդ դեպքում է՛լ ինչո՞ւ էին տուժողներից ռեսուրսներ խլում, ժամանակ ու փող: Չէ՞ որ տուժողն էլ է մարդ ու իր հանդեպ գործած անարդարութան վերջը տալու համար իր ունեցած միջոցներն է ծախսում ու հույս փայփայում, որ արդարությունը կհաղթանակի: Մինչդեռ Քննչական կոմիտեն, ինչ-որ անհիմն պատճառաբանություններով, մարդկանց աշխատանքն է ջուրը գցում:Մինչդեռ պետք էր մանրակրկտորեն զննել, հարկ եղած դեպքում առանձնացնել այս կամ այն գործն ու դրա ուղղությամբ առանձին խորանալ: Մինչդեռ հիմա, փաստորեն, ոմանք ընդամենը սեփական գլուխն են փորձում ազատել պատասխանատվությունից:
Իհարկե, թեման բավական ծավալուն է ու ենթակա մանրակրկիտ ուսումնասիրման՝ հենց միայն պարզելու այն հարցը, թե Քննչական կոմիտեիի այսօրինակ դիրքորշումը չի՞ կարող, արդյոք, գնահատվել որպես ասենք այս կամ այն պաշտոնյայի կամայականություններից տուժած մարդկանց իրավունքների ոտնահարմանն ուղղված ոտնձգություն:
Ինչո՞ւ, օրինակ, պետք է անպատիժ մնան անձնական ինֆորմացիա ապօրինաբար հանրայնացնողները կամ ժամանակին ունեցած պաշտոնեական դիրքի չարաշահմամբ շատերի կյանքը դժոխք դարձրածները: Այս պարագայում խոսքը նաև նմանատիպ գործողություններից տուժած սփյուռքահայերին է վերաբերում: Ո՞վ է սփյուռքահայերի իրավուքները պաշտպանելու, չէ՞ որ նման վերաբերմունքով նույն Քննչական կոմիտեն նոր հանցագործությունների համար պարարտ հող է ստեղծում:
Թեման իսկապես ծավալուն է, և առաջիկայում մենք խոստանում ենք առավել մանրամասնորեն, փաստերով անդրադառնալ սույն հարցին՝ առկախված հարցադրումներին պատասխան գտնելու համար:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 4841 անգամ