Փաշինյանն է այսօր որոշում՝ ովքեր պետք է լինեն արտոնյալներ, իսկ ովքեր՝ ստրուկներ
2019-10-01 21:16:00
Այս օրերին Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ Նարեկ Մութաֆյանի ու Սարգիս Օհանջանյանի կալանավորումն առիթ է դարձել, որպեսզի կրկին անգամ բարձրացվեն հարցեր, որոնք, թերևս, հեղափոխությունից ի վեր երբեք չեն էլ դադարել հնչել:
Հիշեցնենք, որ օրերս, միայն այն բանի համար, որ երիտասարդները համարձակվել էին Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տալ մի քանի՝ Փաշինյանի՝ միառժամանակ առաջ հնչեցրած սկանդալային հայտարարություններից անխուսափելիորեն բխող հարցեր՝ վնգստացող շների հետ կապված, Քննչական կոմիտեի միջնորդությամբ դատարանը որոշել է նրանց կալանքի տակ առնել:
Երիտասարդների աղմկահարույց արարքը, պետք է արձանագրել, խոշոր հաշվով չէր ողջունվել և ոչ մեկի կողմից, և նույնիսկ Փաշինյանին արմատական դիրքերից քննադատողներն էին ֆիքսել, որ բոլոր դեպքրեում Մութաֆյանն ու Օհանջանյանը մի փոքր չափն ացնել են, և որ Դանիբեկյանի հետ կատարվածը հետայսու չպետք է կրկնվի:
Միգուցե երիտասարդներին քննադատողները ճիշտ են, սակայն այդ հանգամանքը չի կարող բացառել մեր՝ հետևյալ հարցադրմամբ հանդես գալու իրավունքը՝ արդյոք իշխանությունների նմանօրինակ վայրենությունն, երբ փաստացի ընդամենը հարցադրում կատարելու համար մարդկանց կալանավորում են ու խայտառակելով տանում բաժին, հակասության մեջ չի՞ մտնում այն նորհայաստանյան իրականության հետ, որի պայմաններում այժմ հայտնվել է Հայաստանի հասարակությունն, արդյոք երկակի ստանդարտների ճչացող դրսևորման հետ գործ չունե՞նք, երբ, օրինակ, հայկազիկներն ու ջիվանիկները, իշխանություններից թևավորված, իրենց թույլ են տալիս ակնհայտ ապօրինություններ, փողոցներում բռնաճնշում դատարաններին, ստիպում դատավորներին կայացնել ապօրինի որոշումներ (ամենացայտուն օրինակը գեներալ Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցած պրոցեսներն են) կամ ապօրինաբար պահանջում Հրայր Թովմասյանի հրաժարականը: Եվ կամ նույն Ռոբերտ Քոչարանի հետ կապված խնդրում նրանց դրսևորած լպիրշությունն ինչպե՞ս է ոչ միայն հանդուրժվում, այլև խրախուսվում:
Թե՞ Փաշինյանի կողմնակիցներին կարելի է ամեն բան, իսկ ընդդիմադիրներին՝ ոչինչ: Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այս պարադոքսը: Իսկ բոլոր այս հարցերի պատասխանները թաքնված են Նիկոլ Փաշինյանի մեջ: 
Նոր Հայաստանում կյանքի, գոյության միայն մեկ չափանիշ կա, և դա Նիկոլ Փաշինյանի քիմքն է: Նա է այսօր որոշում՝ ով պետք է նստի կամ դուրս գա, ում պետք է դատարանը մեղավոր ճանաչի կամ հռչակի՝ կատարյալ արդար, ովքեր պետք է լինեն արտոնյալներ, իսկ ովքեր՝ ստրուկներ:
Սա նոր Հայաստանն է, բարեկամնե՛ր, Փաշինյանի ընտանեկան բոստանն, ուր օրենքի փոխարեն գործում է միայն Նիկոլի կանոնը:
Կեցցե՜ մայիսի մեկը…
Այս նյութը դիտել են - 2637 անգամ