Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ և բոլոր երկրապահների համար. Դավիթ Տոնոյան Tert.am
2019-09-24 10:22:00

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպին և մարզպետի լիազորությունների վայր դնելուն, նախաքննության այս փուլում սխալ համարեց գնահատական տալը:

«Բայց հետևողական ենք լինելու, որ ամեն ինչ պարզվի մինչև վերջ, և դատաքննության, նախաքննության փուլերում արդարությունը, ազնվությունը պետք է ապահովված լինի: Մենք իրականում հետևել ենք, քանի որ նա մեր գործընկերն է, և մեր զինակցի այդ վիճակը ոչ մարտական պայմաններում պետք է պատասխան ստանա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օրերս Եղեգնաձորում միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ ծանր մարմնական վնասվածք է ստացել ՊՆ փոխգնդապետ, ով, ի դեպ, դեպքի ժամանակ համազգեստով է եղել: Այժմ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ կոմայի մեջ: Կատարվածի կասկածանքով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Միջադեպին ներկա է եղել նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը, ով երեկ որոշել է վայր դնել մարզպետի լիազորությունները:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու դատարանի որոշմանը և նրա առողջությանը, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ես ընդհանրապես մտահոգություն ունեմ իմ զինակցի այդ վիճակի հետ կապված: Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ համար և բոլոր երկրապահների համար»:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանը, անհիմն լինելու պատճառաբանությամբ, մերժեց պաշտպանների՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։


Այս նյութը դիտել են - 9575 անգամ