Հաղորդում հանցագործության մասին. Փաշինյանը Սերժ Սարգսյանի անունն է տվել
2019-09-24 09:50:00
Լոս Անջելեսում, մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել գուցե շատերի կողմից աննկատ մնացած, բայց հույժ կարևոր հայտարարությամբ:
Մասնավորապես՝ խոսելով իրականացված թալանի, երկիրն իբր մաքրազարդած նախկին  իշխանությունների մասին՝ Փաշինյանը փաստացի հանդես է եկել հանցագործության մասին հաղորդմամբ. հայտարարել է, որ, այո՛, այսպես կոչված՝ թալանչիների շարքերում է նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա ընտանիքը: Փաշինյանի խոսքերով՝ հետհեղափոխական շրջանում Սարգսյանը թալանածի մի մասը վերադարձրել է, իսկ մնացյալը վերադարձնելու է շուտով ու անպայման:
Փաշինյանի ամպագոռգոռ հայտարարւթյուններն առաջ են բերում մի շարք կարևոր հարցեր:
Նախ՝ հարց է ծագում՝ եթե թալանածի մի մասը վերադարձվել է, ապա ո՞ւր է այժմ գողոնը, այն մուտք արվե՞լ է պետական գանձարան, որտե՞ղ է երևում, որ «գողոնն առգրավված է», և կամ հատկապես ի՞նչ գումարների մասին է խոսքը, որքա՞ն, հասարակությունն ունի՞, արդյոք, իրավունք տեղեկանալու, թե իրենից որքան են թալանել, տարել, և ո՞ւմ գրպանն են գնացել միլիոնները, ո՞վ կարող է ապացուցել, որ փողերը հոսել են ճիշտ ուղղությամբ՝ բյուջե…
Երկրորդ՝ եթե Փաշինյանի հայտարություններն «օդից կախված լուրերի» համաձայն չեն, և այն, ինչ նա ասում է, իրականություն է, ապա հաջորդ հարցն է ի հայտ գալիս՝ ինչո՞ւ իրավապահ մարմինները Սարգսյանի ու նրա ողջ ընտանիքի դեմ քրեական գործ չեն հարուցում, ու դեռ ավելին՝ նույն այդ իրավապահներն արդեն իսկ հասցրել են հավաստիացնել, որ Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի կարող ձերբակալվել, և նույն Միքայել Մինասյանի՝ ավելի վաղ արած այն պնդումը, թե շուտով կալանավորվելու են ինքն ու աները, չեն համապատասխանում իրականությանը:
Ոչ պակաս հետաքրքրական է Փաշինյանի մեկ այլ պնդում նույնպես:
Մասնավորապես՝ ասուլիսին Փաշինյանը հավաստիացրել է, որ իրականում հեղափոխության ամենահայտնի լոզունգներից մեկը՝ «մերժի՛ր Սերժին-ը», ի սկբանե, նախապես մտահղացված չի եղել, և կարգախոսը հանպատրաստից, իրավիճակի ծնունդ է հանդիսացել:
Փաշինյանի խոսքերից կարելի՞ է, արդյոք, հետևություն անել, որ իրականում նա Սերժ Սարգսյանին մերժելու նպատակ ի սկզբանե չի էլ ունեցել, և միայն այն բանից հետո, երբ համոզվել է, որ ժողովուրդն իրեն աներկբայորեն սատարում է, որոշել է պայթեցնել իրավիճակը՝ համապաասխան կարգախոսը մեջտեղ բերելով, ժողովրդի «սրտին յուղ քսելով», դիմելով  յուրատեսակ մանիպուլյացիայի:
Ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:
Կա՛մ Փաշինյանի լոսանջելեսյան հայտարարություններն են «օդ», կա՛մ Հայաստանում ընթացող պրոցեսներն են անլուրջ:
Թե որն է իրականությունը, թո՛ղ դատի հանրությունը:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 13185 անգամ