Պետական մակարդակով մեկուկես տարի երկիրը պահել ցնցումների մեջ, սև ու սպիտակի բաժանել, պառակտել եք հասարակությանը...«Հրապարակ»
2019-09-19 22:44:00
«Հրապարակ»-ը գրում է. Ուզում եմ հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանը, որ ուզում է ազատվել նախկին ռեժիմի մնացորդ պաշտոնյաներից, ո՞վ է նշանակել նրանց՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՝ ինքը։ Այնպիսի տպավորություն է, որ նախկին իշխանությունն է կառավարության կազմին, ուժային կառույցների ղեկավարներին նշանակել և հիմա նոր- նոր սկսվում է հեղափոխական բոլոլան կամ կարուսելային նույն տեղում հայտնվելու անիմաստ պտույտը։ 
Եկեք միասին արձանագրենք մի պարզ ճշմարտություն․ այն կադրերը, ովքեր հիմա ազատվում են բարձր պաշտոններից, նշանակվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Եվ եթե ինքը սխալ ընտրություն է կատարել, դա ոչ թե պետք է դիտարկել կենցաղային, այլ պետական մակարդակով։ Ոչ թե ասենք՝ սխալ ընտրություն է կատարել, թող մի քանի անգամ էլ փորձի, այլ փորձենք վարչապետին բերել հեղափոխության պատասխանատվության դաշտ՝ հեղափոխությունից հետո այդ մարդիկ ինչու՞ հայտնվեցին նման բարձր կառույցներում, օծեցիք նրանց գեներալական սուրբ ջրով, հիմա էլ․․․ նրանք խոչընդոտում են ձեր աշխատանքին։
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ դուք այդ պրոցեսի առանցքային դեմքը լինելով, խուսափում եք սեփական պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով միայն այդ պաշտոնյաների վրա։ Գուցե սեփական եսի մեջ փնտրեք պետական ապարատի ձախողման ողջ պատասխանատվությունը և մի անգամ բաց աչքերով նայեք իրականությանը։ 
Դուք պաշտոններից ազատում եք մարդկանց, որոնց դուք եք նշանակել՝ ժամանակին գովեստի խոսքեր շռայլելով նրանց՝ մեկը, երկուսը չէ, խոսք է գնում հրաժարականների շղթայի մասին։
Դուք ոչ մի պատասխանատվություն, մեղքի բաժին չունե՞ք։
Պետական մակարդակով մեկուկես տարի երկիրը պահել ցնցումների մեջ, սև ու սպիտակի բաժանելով՝ պառակտել հասարակությանը, ու հիմա նշանակված պաշտոնյաների մե՞ջ եք մեղավորներ փնտրում։ Ո՞վ է նշանակել այդ պաշտոնյաներին, պարոն Փաշինյան, դու՞ք, թե՝ Սերժ Սարգսյանը։ Եթե դուք եք նշանակել, պետական ապարատի ձախողման համար կա պատասխանատվության դաշտ։ Եթե Սերժ Սարգսյանն է նշանակել, ուրիշ դաշտ ենք մտնում։
Այս նյութը դիտել են - 3092 անգամ