ԱՄՆ-ում գործող հայկական «ARTN» հեռուստաընկերության նախագահի սկանդալային բացահայտումը. Տեսանյութ
2019-09-18 19:11:00
Արդեն 30 տարի ԱՄՆ-ում գործող հայկական ARTN հեռուստաընկերության նախագահ և սեփականատեր Ռոբերտ Օղլախչյանը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 18-ին, հանդես եկավ մամուլի ասուլիսով և հատուկ հայտարարությամբ, որի ընթացքում հնչեցին սենսացիոն բացահայտումներ Հայաստանի թիվ 1 հեռուստաընկերության՝ «Հ1»-ի տնօրինության կոռուպցիոն գործելաոճի, հեռուստատեսության սեփականությունը հանդիսացող հաղորդումների եթեր հեռարձակման իրավունքը ԱՄՆ-ում չնչին գումարներով վաճառելու և փոխարենը, այդ եթերներում տեղադրվող գովազդի հաշվին մեծ գումարներ գրպանելու նպատակով: 
Նույն նպատակով երևանյան «PanArmenian» հոլդինգի կողմից դեռևս 2014 թվականին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում «PanArmenian » TV հիմնելու և տարիներ շարունակ Հայաստանյան մեդիա դաշտում իրականացրած «կեղտոտ խաղերը»նաև Միացյալ Նահանգներ տեղափոխելով: 
Մշտապես շրջանառվող լուրերի, երևանյան «PanArmenian» հոլդինգի սեփականատերերն էին Միքայել Մինասյանն ու Արթուր Ջանիբեկյանը: Չնայած, իրականում նրանց անունները ոչ մի փաստաթղթում չկան:
Ըստ թղթաբանության, սեփականատերերն անուն ազգանունով, բայց իրականում այդ գործի հետ կապ չունեցող կամ գոյություն չունեցող մարդիկ են, ասում է պարոն Օղլախչյանը:
Պարոն Օղլախչյանը հիշեցրեց նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր ասուլիսին, Միքայել Մինասյանին վերաբերող հարցին պատասխանելիս, նշեց, որ Միքայել Մինասյանը շատ օբյեկտների սեփականատեր է եղել և շարունակում է մնալ, բայց այլ հարց է, որ դրանք գրանցված են մի կնոջ անունով, որը ձեզ ոչինչ չի ասում:
Ընդամենը մի քանի օր առաջ Լոս Անջելեսի «ARTN» հեռուստաընկերության նախագահ և սեփականատեր Ռոբերտ Օղլախչյանին հասանելի է դարձել մի պաշտոնական փաստաթուղթ, որն էլ վերջինս նպատակահարմար է գտել հանրայնացնել:
Ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը վկայում է, որ տարիներ շարունակ իր ամբողջ եթերը և միաժամանակ բոլոր հաղորդումները անսահմանափակ հեռարձակման իրավունքներով հատկացրել է Լոս Անջելեսում գործող «PanArmenian» TV-ին:
Մինչև վերը նշված փաստաթղթին հասանելիություն ունենալը Ռոբերտ Օղլախչյանի և Լոս Անջելեսի մեդիա դաշտում գործող ընկերությունների մյուս տնօրենների համար անհայտ է եղել, թե ինչ պայմաններով է «PanArmenian» մեդիան ձեռք բերել այս իրավունքները և վերոհիշյալ միլիոնավոր դոլարներից որքանն է գնացել Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն՝ Հայաստանի պետական միջոցներով, ասել է թե հարկատուների միջոցներով ֆինանսավորվող ընկերություն: Մենք հույս ենք ունեցել, որ այդ պայմանագրի շնորհիվ փոքրիշատե թեթևացել է մեր հայրենիքի միակ պետական հեռուստաալիքի ֆինանսական բեռը, հնարավորություն տալով մեր պետությանը ծախսել սուղ միջոցները կարևոր այլ ուղղություններով, ասուլիսի ժամանակ հայտարարել է «ARTN» հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օղլախչյանը, ով իր ձեռքին հայտնված փաստաթղթից է միայն տեղեկացել , որ իրականում «PanArmenian» մեդիան գովազդից ստանալով միլիոնավոր դոլարներ, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը մինչ այս տարի վճարել է ամսական 2500 ԱՄՆ դոլար և սկսած այս տարվա նոյեմբերից, նորացված պայմանագրով՝ 4000 ԱՄՆ դոլար, այսինքն, տարեկան 48000 ԱՄՆ դոլար այս բոլոր անսահմանափակ իրավունքների համար:
Պարոն Օղլախչյանն ընդգծել է, որ Հ1-ի տնօրինությունը իր հաղորդումների հեռարձակման իրավունքը վաճառելու համար որևէ մրցույթ չի հայտարարել և «PanArmenian» մեդիան իր հեռուստաալիքներով անսահմանափակ հեռարձակել է պետական միջոցներով ստեղծված հաղորդումները և ստացել հավելյալ ֆինանսական և վարկանիշային առավելություններ:
Այսպիսով, նաև նվազեցվել է «Հ1»-ի դիտողականությունն ու վարկանիշը:
Փաստորեն, «PanArmenian» ընկերությունը միլիոնավոր դոլարներ է աշխատել, կնքելով մի պայմանագիր, որից, պարզապես, խայտառակ կոռուպցիայի հոտ է գալիս: Չլինելով իրավաբան, չցանկանալով հանդես գալ որպես մեղադրող, հույս ունեմ, որ երկրի ղեկավարը՝ հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իմ այս բացահայտմանը կտեղեկանա և համապատասխան միջոցներ կձեռնարկի, ասուլիսի ժամանակ ասել է Ռոբերտ Օղլախչյանը հավելելով, որ ինքը գործելու է օրենքով սահմանված իր իրավունքների և պարտականությունների շրջանակում և պահանջելու է, որ «Հ1»-ը վերանայի պայմանագիրը «PanArmenia»-ի հետ և ցանկալի է, որ հաղորդումների հեռարձակման իրավունքը վաճառվի համապատասխան մրցույթի արդյունքում:
Պարոն Օղլախչյանը նշում է, որ Լոս Անջելեսում հաստատ կգտնվեն գործարարներ՝ (ոչ միայն հեռուստաընկերությունների սեփականատերեր), որոնք կմասնակցեն մրցույթին և հարյուրհազարավոր դոլարներ ավելի գումար կառաջարկեն: Պարոն Օղլախչյանն իր հերթին հայտարարել է, որ համաձայն է 5 տարվա պայմանագրի դիմաց 5 միլիոն դոլար վճարել: Որտեղ է տարեկան 48000-ը որտեղ՝ մոտ 1 միլիոնը… Վստահ եմ, «Հ1»-ում առկա կոռուպցիոն գործելաոճը հայտնի չէ պարոն Փաշինյանին և դա հասկանալի է, 30 տարի նախկին իշխանությունների կողմից կեղեքված և թալանված երկրի խնդիրները անհաշվելի են:
Ուրեմն՝ ովքե՞ր են կանգնած «Հ1»-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի և նրա նմանների մեջքին: Ովքե՞ր էին նախկին իշխանություների ֆավորիտներն ու կամակատարները հանդիսացող և այսօր էլ պաշտոնավարող ու թալանը շարունակող տնօրենների հովանավորները:
Նրանք, թերևս, այսօրվա իշխանական բուրգի վերևներում են, հակառակ դեպքում Մարգարիտա Գրիգորյաններն այսպես չէին թևավորվի:
ARTN հեռուստաընկերության լրատվական բաժին

Այս նյութը դիտել են - 17330 անգամ