Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ
2019-09-17 02:38:00
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Դատարանը մերժեց միջնորդությունը, Քոչարյանն ազատ չի արձակվի։
Նշենք, որ պաշտպանական կողմը դատարանում ներկայացրել էր ՍԴ որոշումը, ամբաստանյալներն էլ միացել էին միջնորդությանը: Մեղադրողները, տուժողները եւ տուժողների իրավահաջորդները առարկել էին միջնորդության դեմ՝ դատարանին խնդրելով մերժել ներկայացված միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել. 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր: 2.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
 
Այս նյութը դիտել են - 2480 անգամ