Ուսուցիչը ստորացված է պետության կողմից տրվող նվաստացուցիչ աշխատավարձով
2019-09-01 02:40:00
Նոր ուսումնական տարի, ուղերձներ, շնորհավորանքներ, տոնական միջոցառումներ, Գիտելիքի, Գրի և Դպրության օր,...
Հայաստանում չապրող կողքից դիտողը կարող է ենթադրել, որ հայերիս համար շատ կարևոր տոն է, որ գիտելիքը, գիրը, դպրությունը այնքան են կարևորվում, որ այդ օրը համատարած ուրախություն և տոնախմբություն է, բայց ՀՀ-ում ապրողներս գիտենք, որ դա այդպես չէ,որ ամեն ինչ չափից դուրս ձևական է:
Ձև, առանց բովանդակության:
Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված, ավերված Ճապոնիան 10-15տարում այնպիսի հաջողությունների հասավ, որ բոլորը սկսեցին գրել-խոսել ճապոնական հրաշքի մասին և փորձել հասկանալ ու բացատրել այդ հրաշքը: Այդ հրաշքի ամենաճշտգրիտ բացատրությունը տվել է Ճապոնիայի վարչապետը.
«Մենք դպրոցական ուսուցչին տվել ենք նախարարի չափ աշխատավարձ, պատգամավորի չափ կարգավիճակ և կայսրի չափ պաշտամունք»:
Իսկ մե՞նք...Մեզանում 27 տարի շարունակ ուսուցիչը ստորացված է պետության կողմից տրվող նվաստացուցիչ աշխատավարձով, ընտրություններում տվյալ պահի իշխանության օգտին կատարած անարժանապատիվ կեղծիքներով: Իհարկե, դեռ կան ուսուցիչներ, որոնք ինչ-որ հրաշքով կարողանում են արժանապատվորեն կրել ուսուչցի բարձր կոչումը, բայց գնալով այդպիսինները քչանում են:
ԵՎ,քանի դեռ պետության կողմից շարունակվում է արհամարհական վերաբերմունքը ուսուցչի նկատմամբ,ՀՀ-ում շարունակվելու է տգիտության, կեղծիքի և ապազգային երևույթների հաղթարշավը, բնակչության մեծամասնության կենսամակարդակի անկումը, արտագաղթը, պետականության թուլացումը...
Անտառաճանաչները շարունակելու են դառնալ դիպլոմակիր, տարոնները շարունակելու են փակ դռների ետևում դառնալ գիտությունների թեկնածուներ, փուչիկ կարեններն ու լիսկաները շարունակելու են դառնալ դոկտորներ, առանց որևէ աշխատություն ու հոդված գրելու, իսկ իշխանություն շարունակելու են թափանցել կիսագրագետները...
Տվեք ուսուցչին արժանապատիվ աշխատավարձ, նա կունենա այնպիսի կարգավիճակ, որ բոլորս կհարգենք նրան և շատ արագ կարձանագրվեն դրական արդյունքներ:
Եթե այս վերաբերմունք ուսուցչի նկատմամբ շարունակվի,մենք դառնալու ենք պարարտանյութ ուրիշ պետությունների և ազգերի համար:
Շնորհավորում եմ բոլոր արժանապատիվ ուսուցիչներին:
Գագիկ Ղահրամանյան
Այս նյութը դիտել են - 2947 անգամ