Մեկ տարուց ավելի է՝ Քոչարյանի պաշտպանական խումբը փաշինյանական Հայաստանում արդարություն է փնտրում
2019-09-01 00:30:00
Օգոստոսի 31-ին, Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ 65 տարեկան:
Կյանքի մեծ մասը հայրենիքին նվիրած ու դրա առաջ անգնահատելի ծառայություններ մատուցած, այն շահած ազգային-պետական ակնառու գործիչն, ում անվան հետ են կապվում Հայաստանի երրորդ հանրապետության լավագույն տարիներն, այսօր, ցավոք, դարձել է իսկական գերի հայրենիքը բզկտող օտարամոլ ուժերի ձեռքում՝ ակամա վերածվելով «նոր» Հայաստանի իշխանությունների պոպուլիստական դիմակը պատռող, հակասահմանադրական գործողությունների արդյունքում իշխանությունը բռնազավթած ու այն ատամներով պահող ռեժիմի իրական էությունը բացահայտող զոհի:
Մեկ տարուց ավելի է՝ Քոչարյանի պաշտպանական խումբը փաշինյանական Հայաստանում արդարություն է փնտրում՝ այն ինչ-որ տեղ գտնելու հույսով, սակայն այդպես էլ ոչ մի կերպ չի հաջողվում այն ինչ-որ կերպ հայթայթել. դատաիրավական ողջ համակարգը դարձել է մի արկածախնդրի ձեռքին իսկական խաղալիք-մահակ՝ սեփական շահն առաջ տանելու, բնական քաղաքական մրցակիցներին չեզոքացնելու, երկիրը ռեպրեսիաների մեջ պահելու:
Ընդ որում՝ իշխանությունների մոգոնած «նոր արդարադատության» զոհ դառնում են ոչ միայն իշխանությունների համար «պրոբլեմատիկ» նկատվող անհատներն, ինչպես նույն Քոչարյանը կամ հերոս գեներալ Մանվել Գրիգորյանն, ով շարունակում է կյանքի ու մահվան եզրագծին քաջաբար կռիվ տալ, այլ հենց հայկական պետականությունը, որը ոչ միայն շարունակում է թուլանալ ներսից, այլև կորցնել իր վարկը դրսում՝ Հայաստանի դաշնակիցների ու բարեկամ երկրների աչքում՝ ձեռք բերելով ինչ-որ բանանային կիսապետական գոյացության համբավ:
Այն, ինչ իշխանությունները և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հասարակությանը մատուցում են որպես պատմական ձեռքբերում կամ կյանքի հաղթանակ, իրականում համազգային ամոթ է, իսկական խայտառակություն, որի դառը պտուղները, ցավոք, ստիպված ենք լինելու քաղել բոլորս, իսկ ա՛յ Նիկոլ Փաշինյանն անձամբ կքաղի՞, թե՞ ոչ, մեծ հարցական է մնում:
«Արդարությունը հիվանդանում, սակայն երբեք չի մահանում»: Աքսիոմատիկ այս ճշմարտությունը չեղարկելը դեռ ոչ ոքի չի հաջողվել, և չի հաջողվելու նաև օրվա իշխանությանը: Հայաստանը կրկես դարձրածները դեռ վայելում են իշխանության քաղցր համը, հաջողությամբ բավարարում նեղանձնային ամբիցիաները.հիմա իրենց ժամն է:
Հասկանալի է, սակայն, որ այս վակխանալիան երկար չի շարունակվելու, և վաղ թե ուշ յուրաքանչյուրը բնությամբ հատկացված իր տեղը գտնելու է, արդարության հետ առճակատվելու:
Մարդկանց գլխին գործ սարքելով՝ իշխանություն չես պահի, չես բարգավաճի, հեռուն չես ցատկի…
«USArmenianews.com» լրատվական կայքը միանում է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան բոլոր շնորհավորանքներին, միաժամանակ մաղթելով առողջություն և հուսով ենք, որ նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները շուտով կդադարեցվեն, կվերացվի ապօրինի կալանքը:
Հանրությունը սպասում է Ռոբերտ Քոչարյանին...
Այս նյութը դիտել են - 8795 անգամ