Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ում կոտորած է անում.«Հրապարակ»
2019-08-27 22:17:00
«Հրապարակ». ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Սասուն Միքայելյանը թուրն առել՝ ընկել է նախկինների «ջանին»։ Նա անխնա կադրային ջարդ է իրականացրել՝ առանց բացառության ազատվելով բոլոր նախկիններից՝ ԵԿՄ հաշվապահ, մամուլի խոսնակից մինչեւ մարզային եւ տարածքային խորհուրդների նախագահներ։ 
Սա բացատրել է նրանով, որ ազատվում է նախկինների՝ Մանվել Գրիգորյանի հետքերից:
ԵԿՄ նոր խոսնակը լրագրող Դիանա Դավթյանն է, ում վերջին աշխատավայրը 24news.am-ն էր։ Նա հաստատեց մեր տեղեկությունները՝ պարզաբանելով․ «ԵԿՄ վարչության նախագահի ընտրությունից հետո, երբ ձեւավորվեց նոր վարչություն` միանգամայն նոր անդամներով, եւ վարչության նիստում պարոն Միքայելյանը, օգտվելով ԵԿՄ նոր կանոնադրության ընձեռած հնարավորություններից, առաջարկել է բոլոր բաժանմունքները՝ թե՛ երեւանյան, թե՛ մարզային, համարել լուծարված։ Իր առաջարկը միաձայն ընդունվել է վարչության բոլոր անդամների կողմից։
Ըստ այդմ՝ բոլոր բաժանմունքների բոլոր ղեկավարներն անխտիր փոխվել են պարոն Միքայելյանի հրահանգով, եւ նոր մարդիկ նշանակվել են կառույցների ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնց մի մասը հաստատվել է այդ պաշտոնում, իսկ մյուսները հնարավոր է հաստատվեն կամ փոխարինվեն այլ թեկնածուներով»։ Խոսնակը տեղեկացրեց, որ մոտ ապագայում սպասվող խորհրդի նիստում, ամենայն հավանականությամբ, այդ հարցին լուծում կտրվի։
Նիստի օրը դեռ հայտնի չէ։..
Այս նյութը դիտել են - 3861 անգամ