Ամուլսարի շահագործումից ակնկալվող միլիոնավոր դոլարները կարող են իսկապես փրկօղակ դառնալ Փաշինյանի կառավարության համար. մարդը ձևը գտել է
2019-08-26 22:36:00
Հայաստանի ներքաղաքական, ներհասարակական կրքերը շարունակում են եռալ: Դրանք սկսեցին բորբոքվել սկսած ճիշտ այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը, գուցե շատերի համար անսպասելիորեն, իր սիրելի «Ֆեյսբուքում»՝ հենց ուղիղ եթերում, հայտարարեց, որ Կառավարությունը որևիցե հիմք չի տեսնում Ամուլսարի հանքավայրի շահագործումն արգելելու համար:
Մի կողմ ենք թողնում այն, թե որքանով են հավաստի բնապահպանների հավաստիացումները, որքանով՝ ոչ, չենք ցանկանում քննարկման առարկա դարձնել նաև այն, թե նույն Փաշինյանը ճի՞շտ է, թե՝ սխալ: Բնա՛վ:
Այս հարցերից ոչ պակաս կարևոր ու էական է այն հարցադրումը, թե ինչո՞ւ հանկարծ ժամանակին լինելով Ամուլսարի հանքի շահագործման գաղափարին արմատապես հակադրվող մեկը, գործիչ, ում կյանքի կարևորագույն գործերից մեկը, թվում էր, Հայաստանի բնությունը ռիսկի չենթարկելուն միտված պայքարն է՝ վարչապետ դարձած Փաշինյանն այսօր փաստացի հանդես է գալիս այդ հանքարդյունաբերական ծրագրի իրականացման օգտին, ընկած Հայաստան աշխարհով մեկ՝ համոզում բնակչությանը, որ հանքի շահագործման այլընտրանք ուղղակի գոյություն չունի:
Լինելով փորձված գործիչ, քաղաքականության անցքերին ու նրբություններին ծանոթ մեկը՝ վարչապետն, անշո՛ւշտ, ի սկբանե չէր կարող չգիտակցել իր գործողությունների հետևանքներն, այն, որ դրանք ցնցելու էին հասարակության առնվազը մի հատվածին՝ դրանով իսկ ցնցելով իր իշխանության հիմքերը՝ մանավանդ էլ, որ դեմ հանդես եկողների մեջ քիչ չեն հենց վարչապետի թիմակիցները:
Ամուլսարի խնդրին այսօրինակ լուծում տալու երկու հիմնական պատճառ կարող լինել:
Առաջինն, իհարկե, միգուցե չերևացող, բայց անխուսափելի արտաքին ճնշումն է Փաշինյանի վրա: Իշխանության գալով նույն այդ արտաքին ուժերի օգնությամբ՝ այսօր վարչապետը չի կարող հաշվի չառնել դրանց շահերն ու չպաշտպանել դրանք:
Իսկ երկրորդ պատճառը, թերևս, այն է, որ իշխանությունները շատ լավ հասկանում են, թե ինչ վիճակում է հայտնվել երկրի տնտեսությունը:
Ներդրումներ գործնականում չկան, արտագաղթը կրկնապատկվել է, աշխատատեղերը կրճատվում են, խոստացված տնտեսական հեղափոխությունը շարունակում է այդպես էլ մնալ լոկ որպես ժողովրդական զանգվածների հոգու հետ խաղալուն միտված անիրատեսական լոզունգ:
Մի իրավիճակում, երբ ամեն մի միլիոն դոլարը մի «ոսկե սարի» արժեք է ձեռք բերելու, Ամուլսարի շահագործումից ակնկալվող տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարները կարող են իսկապես փրկօղակ դառնալ Փաշինյանի կառավարության համար: Հիմա ամեն օր երկրի վարչապետը իր ֆեյսբուքյան հետևորդներին «զարմացնում» է նորանոր վիճակագրություններով, ուր իբր երևում է, թե ինչպես է «նոր» Հայաստանը թռիչքաձև վերելք ապրում:
Որոշ դեպքերում գուցե Փաշինյանի վկայակոչած վիճակագրությունն ինչ-որ աղերս ունենում է իրականության հետ՝ հաշվի առնելով նախորդ իշխանությունների կողմից իրականացրած գործուն քայլերի մերօրյա արձագանքների գործոնը, սակայն վաղն, երբ նախորդների տնտեսական բարեփոխումների ազդեցությունն այլևս զգալի չի լինի, ու տնտեսությունը կանգ կառնի, Ամուլսարից ստացվելիք խոշոր միջոցները կարող են պատրվակ տալ Փաշինյանին՝ շարունակելու խոսել «տնտեսական աճի», «նվազող արտագաղթի», «մեծացող բյուջետային եկամուտների մասին» և այլ սիրուն-սիրուն բաների մասին. տնտեսությունն ինչ-որ բանով «յոլլա տանել» է պետք, իսկ «կանաչ» տնտեսություն ունենալու շքեղություն այսօր աշխարհում շատ քչերը կարող են թույլ տալ իրենց, և հաստատ ոչ «նոր» Հայաստանը:
Ահա հենց սա է պատճառը նաև, որ Փաշինյանն այսօր գնում է բավական մեծ ռիսկի, քանի որ հասկանում է, որ ավելի քան մեկ տարվա ընթացքում իրեն չի հաջողվել որևիցե բան անել, որը գոնե աստիճանաբար կփոխեր պետության տնտեսության կառուցվածքը, օբյեկտիվ հիմքեր կստեղծեր Հայաստանի ներդրումային գրավչությունը մեծացնելու և այլնի համար:
Մյուս կողմից, իհարկե, կա նաև միջազգային արբիտրաժի սպառնալիքը, քանի որ «Լիդիան Արմենիան»՝ Ամուլսարը շահագործելու հայտ ներկայացրած ընկերությունը, մեկ անգամ չէ, որ սպառնացել է Հայաստանի պետությանը դատի տալ, եթե իշխանություններն արգելեն իրեն գործունեություն ծավալել: Հայաստանը կարող է հարյուրավոր միլիոնների վնասներ կրել մի դեպքում, երբ փաշինյանական Հայաստանի զարգացման հեռանկարներն այսօր ուղղակի զրոյական են, չկան:
Մինչդեռ Նիկոլն ազգիս խոստացել է ընդամենը երեք տասնամյակ հետո մի նոր Հայաստան կերտել՝ հինգ միլիոն բնակչությամբ, աշխարհի չեմպիոն ֆուտբոլի հավաքականով, միլիոնավոր աշխատատեղերով և այլն:
Բա ինչ-որ ձև պետք է, չէ՞, այդ խոստումները կյանքի կոչի, ու մարդը ձևը գտել է:
Այս նյութը դիտել են - 3761 անգամ