Մանվել Գրիգորյանն ակամա դարձել է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գազանությունների յուրատեսակ խորհրդանիշը
2019-07-27 23:16:00
Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը կրկին ահազանգել է գեներալի առողջական վիճակի մասին՝ տեղեկացնելով, որ իր պաշտպանյալի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Նա արդեն չի կարողանում տեղաշարժվել, ոտքերը 70-90 տոկոսով չեն արձագանքում»,-գուժել է փաստաբանը՝ միաժամանակ հայտնելով, որ եթե ներպետական ատյաններում ընդունեն այնպիսի որոշում, որով Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ, ապա պաշտպանական խումբը բոլոր փաստաթղթերը կուղարկի Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան։
Մանվել Գրիգորյանն ակամա դարձել է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գազանությունների յուրատեսակ խորհրդանիշը, մի ողբերգական օրինակ այն բանի, թե ինչ կարող է կատարվել ցանկացած մեկի հետ, ով կհանդգնի չանցնել Նիկոլ Փաշինյանի թրի տակով:
Զինվորական գործում չինական իմաստությամբ առաջնորդվել սիրող Փաշինյանն, ով օրերս ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ հայտարարել էր, թե տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի, երևիթե Մանվել Գրիգորյանին չի կարողանում ներել հենց միայն այն բանի համար, որ ազգափրկիչ հաղթանակներ կերտելիս գեներալն առաջնորդվել է ոչ թե օտար, այլ հայոց իմաստությամբ՝ նախընտրելով հաղթանակներ կերտել անմիջապես ռազմի դաշտում՝ արցախյան գոյամարտում՝ այդպսիով հավերժացնելով իր անունը հայ փառապանծ գեներալների խիտ շարքերում:
Արդյոք հեղափոխականների այսօրինակ անմարդկային վերաբերմունքը Գրիգորյանի նկատմամբ չի՞ արժեզրկում ամբողջ արցախյան գոյամարտն ու դրանում արյուն թափած քաջորդիների վաստակը: Չէ՞ որ ի դեմս Գրիգորյանի անարգվում է ռազմական ուղի անցած ողջ գեներալիտետը, որը, պետք է արձանագրել, նոր իշխանությունների օրոք հետզհետե դուրս է մղվում զինված ուժերից՝ փոխարինվելով կաբինետայիններով:
Եթե վաղն, Աստված մի արասցե, Մանվել Գրիգորյանի հետ ինչ-որ ողբերգական բան պատահեց, Փաշինյանը նույն միջազգային ատյաններում, որոնք բազմիցս են կոչ արել, պարտադրել իշխանություններին գործուն քայլեր ձեռնարկել, ինչպես է բացատրելու սեփական գեներալին փաստացի մահվան դատապարտելու իրողությունը, «թավշյա» արժեքներո՞վ է հիմնավորելու անմարդկային սառնասրտությունը, թե՞ փորձելու է աշխարհին համոզել, որ քանի որ վերջին ընտրություններում ինքն ու իր քաղաքական ուժը ստացել են ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունն, ապա իրավասու են անգամ մարդ սպանելու կամ անդամալույծ անելու. որ իմքայլականին փորձում ես քննադատել կամ օբյեկտիվորեն մատնանշել սուբյեկտիվ բնույթ կրող բացթողումներն, այդ փաստն են մարդկանց «աչքը մտցնում» ու իրենք իրենց աշխարհի տերը հռչակում:
Ցավոք, Հայաստանում, որը վաղուց աբսուրդի թատրոն է հիշեցնում՝ մեկ դերասանի մասնակցությամբ, իրական արժեքների տոտալ քայքայման պրոցես է ընթանում, որի գործնական դրսևորումը, փաստորեն, գեներալի հետ տեղի ունեցող խայտառակությունն է:
Մանվել Գրիգորյանը Փաշինյանի՝ գեներալների մասին ունեցած պատկերացումներում ակնհայտորեն չի տեղավորվում, և ուրեմն՝ պետք է հատուցի՝ թեկուզ հենց կյանքով:
Տղերքը 80%-ի կարգի ձայն են հավաքել և ուրեմն՝ ինչ կուզեն՝ կանեն, ու թող մեկը «դուխ» անի, կանգնի ու հակառակն ապացուցի…
Գայանե Մանուկյան 
Այս նյութը դիտել են - 11663 անգամ