Հայրենապաշտ հայուհին
2019-07-25 12:12:00
Այն ե՞րբ էր, որ այս տարածքում ընկերացա հրաշք անհատականության հետ, և շուտով նրա հմայող տողերն ինձ ջերմություն բերեցին, ամուր գգվեցի նրա գործածած այն նոր, սիրով լեցուն, բուրումնավետ բառին՝ Մարիամաբույր: Ու հաջորդ օրը, նրա խոսքերը հոգումս, մտա դասարան, իմ դասի մուտքը այդ օրն սկսվեց Վիոլետա Մնացականյան մանկավարժ գրողի մասին հպարտության զգացումով, որ նա նախատեսել էր իր 13-րդ գրքի վերջաբանն իմ խոսքով ավարտել:
Ու սրբորեն այս տողերը փայփայեցի երկար ժամանակ, որ նա էր ուղարկել ինձ. «Բարև Ձեզ, Մարիամաբու՛յր ուսուցչուհի: Գույներ ամբարող և կյանքին երանգ տվող Նատաշա՛ ջան, հարուստ եմ, որ այսուհետ ունեմ նաև ՆԱՏԱՇԱ ՊՈՂՈՍՅԱՆՍ... Ձեր բացառիկ տեսակների ձեռամբ է կերտվում զտարյուն հայի տեսակը: Կեցցե~ք Դուք, կյանքի և գրականության ինքնատի՛պ ՄԵԿՆԱԲԱՆ: Ուզում եմ Ձեր մասին գրել իմ 13-րդ գրքում, ճշտել Ձեր ծննդավայրի անվանումը, ինչպես նաև հայրանունը, Ձեր երեխաների, թոռների անունները...Իմ գրքի վերջաբանն ուզում եմ Ձեր խոսքով ավարտել»:
Մտորումների մեջ ընկա, թե ինչ կարող եմ ուղարկել տարբեր գրքերի հեղինակ, բազմավաստակ մանկավարժ նվիրյալին, երբ սահմանից եկող կրակոցների արձագանքների տակ եմ դասարան մտնում՝ հոգու ալեբախությամբ, որ խուճապը մեզ համար չէ, որքան էլ այն սարսափելի լինի: Ու ծնվեցին տողեր. «...Երբ կրակոցներն ուժգնանում են, իմ գրական հերոսներին զուգահեռվում են նոր օրերի զինվորների իրական կերպարները, մայրական թեմաս վերջանում է նրանց տունդարձին սպասող մայրերի աղոթքով, սիրային քնարերգության վերլուծությունս ամբողջանում է զինվորին ուղղված սիրո հուզառատ խոսքերով... Իսկ երբ բնության երգն եմ ուսումնասիրում, կրակոցների տակ իմ ծառը չի ժպտում, ծաղիկներն էլ տխրում են, խաշամն էլ գունաթափված եմ տեսնում, թվում է` երկնի լուսատուն էլ արտասվում է չարիքի դեմ հառած իր անզորությամբ: Այդ պահերին ուզում եմ գրկել մի բառ, որ ինքնին լույս է արձակում, այդ լույսը դարձնում եմ առկայծող ճրագ, լուսաբերը մի նոր արշալույս է ավետում, նորալուսինը` մի նոր արևածագ, վերջալույսը օրվա ավարտին ժպտում է ուրախ, լուսնաթաթախ է դառնում անցնելիք ճամփաս, ամենուր ցանվում է լույսը, որը մի նոր խաղաղ ու լուսավոր կյանք է ավետում: Իմ ստեղծած աշխարհում ամենուր կանաչ է, լեռները թռչում են ուրախ, աստղերը` ժպտում, առուներն են կարկաչում, ձյունի ծիծաղն եմ լսում... Ամեն անգամ հուզախռով հոգիս ամուր գրկում է այդ լուսավոր կյանքը, որպեսզի պատնեշ դարձնի սահմանից եկող կրակոցներին...»:
Թվում էր՝ վերջ, այլևս ասելիք չունեի, երբ լույսերի մեջ էի, ու կարծես ամեն ինչ ասված էր մի քանի տողով, բայց ո՛չ, պատրաստակամորեն նոր ծնված խոսքեր շարվեցին թղթին, որ ուղարկեմ այն 700 էջանոց «Աննվաճ Հայաստան» գրքի համար: Այո՛, ես անհանգիստ սպասում էի նրա արձագանքին այնպես, ինչպես աշակերտուհին կսպասեր իր ուսուցչուհու խոսքին: Եվ այն չուշացավ. «Սիրելի մարդագե՛տ Նատաշա, շատ լայնախոհ ուսուցչուհի եք, նաև` գերազանց ու պատրաստակամ աշակերտուհի. ո~նց եմ սիրում Ձեզ... Գեղեցկության չափանիշ, ով իմ պատկերացումներին է համապատասխանում... Իմ հեռավո՛ր, իմ մերձավո՛ր, բարետես և լավատես մտորումներդ թող լինեն կյանքիդ նկատված ուղեկիցը: Մարդ կա իմ գրքում երեք-չորս տողով է, ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՍ՝ էջերով է, ինձ որ հարցնեն, կասեմ Նատաշայի համար գրածս քիչ է, քիչ է, քիչ է...»:
Վիոլետա Մնացականյանի հետ իմ մտերմությունը միայն ֆեյսբուքյան տարածքում չէր, ապրիլյան պատերազմական օրերին նրա հեռախոսազանգերը մխիթարում էին ինձ, հետագայում նրա նվիրած գրքերի էջերից բազմավաստակ ուսուցչուհու և հայրենասեր հայուհու ոգեղենացված կերպարին առնչվեցի: Գրքերի վերնագրերն էլ ամեն ինչ ասում են, թերևս մի քանիսը նշեմ՝ «Նժդեհապատում», «Աննվաճ Հայաստան», «Վավերագրական մատյան», «Ոգու ամրոց», «Խորհրդաշատ ոլորաններ»: Եթե իր իսկ խոսքով բոլոր գրքերի առանցքում պետությունն է, ապա ուզում եմ հավելել, որ ամուր պետությունը կանգուն է իր նման հայրենանվեր անհատներով: Առանձնակի հպարտությամբ եմ լսել տարբեր ռադիոհաղորդումներ, որ անցկացվել է Վիոլետա Մնացականյանի հետ՝ նրա հրատարակած գրքերի շուրջը, ու համոզվել եմ, որ դժվարին պայմաններում նա այնպիսի իրական պատմություն է կերտել, որոնք մի-մի հուշարձան են դառնալու՝ հանձնված դարերին:
Արցախում ծնված, Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած և երկարամյա արժանվույն աշխատանքային գործունեություն ծավալած ազնիվ նվիրյալ, տարիքային հանգստի անցած վաստակաշատ մանկավարժ, ով վերջին տարիներին զինծառայող որդու ընտանիքի հետ հաստատվել է Քարվաճառում ու շարունակում է իր գրիչը ծառայեցնել հայոց աշխարհի շարունակական պատմության արձանագրմանը:
Բազմիցս բարձրաձայնել եմ, որ պետք տարբերակել գրողն ու ուսուցիչը, երբ գրողի գրիչը միշտ էլ ծառայել է իր ժողովրդին, ապրել են նրանց ստեղծագործությունները, դրանով իսկ անմահացել են նաև նրանց անունները: Բայց երբ ժամանակի թելադրանքով ուսուցիչն է իր գրողական տաղանդով անմահացնում կերպարներ, սերունդներին թողնում մի ոգեղենացված պատմություն, այդ ուսուցիչն արժանի է մեծագույն պատկառանքի և պետության հոգածությանը գրքերի հրատարակության հարցում:
Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ հայրենապաշտ հայուհու տարեդարձը, նրա նոր հրատարակված «Ճակատագրի արահետներով» գրքի ծնունդը: Ցանկանում եմ խաղաղ երկինք, երկար տարիների երջանիկ կյանք, ստեղծագործական նոր արարումներ սիրելի Վիոլետա Մնացականյանին, ով մանկավարժի իր նուրբ արվեստը զուգակցել է ազատամարտի արվեստին, իր հայրենապատումով ժամանակի մեջ հավերժացրել դեմքեր ու դեպքեր, իր գրչով ոգու ամրոցներ դարձրել մարդկային անձնվիրությունը ու, նժդեհյան դասերով ուսուցանելով, հանձնել սերունդներին: 
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 3774 անգամ