Հրայր Թովմասյանին սպառնում են բանտով. քաղբանտարկյալների թիվը կավելանա՞
2019-07-23 22:58:00
Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված տրագիկոմիկ իրավիճակը, պարզվում է, կարող է նոր զարգացումներ ունենալ:
Այն բանից հետո, երբ Հրայր Թովմասյանն իշխանություններին հստակորեն հասկացնել տվեց, որ չի պատրաստվում հեշտությամբ զիջել օրենքով վերապահված իր դիրքը և բացարձակապես չի վախենում Փաշինյանից եկող սպառնալիքներից, քանի որ, ինչպես ասում են, օրենքն իր կողմն է, ամենաիշխանամերձ մամուլի միջոցներից մեկում «էքսկլյուզիվ» տեղեկություն է հայտնվել այն մասին, որ իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված «չարաշահումները». ՍԴ նախագահ Թովմասյանը 2014-2017 թթ-ը եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը:
Գաղտնիք չէ, որ «նոր» Հայաստանում մարդ բռնել-բաց թողնելու ավանդույթն այն կարևոր երևույթներից մեկն էր, որն ի հայտ եկավ Փաշինյանի՝ իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո: Ընդ որում՝ հենց առաջին իսկ օրերից պարզ դարձավ, որ այդ բռնել-բաց թողնելը բնավ չի արվում՝ ասենք ժողովրդից թալանածը ազգաբնակչությանը վերադարձնելու բարի ցանկությունից ելնելով, այլ մտահղացվել ու իրականացվում է՝ բացառապես բավարարելու Փաշինյանի ֆինանսաքաղաքական ամբիցիաները. մարդիկ կալանավորվում էին, կարճ ժամանակ անց մուծվում ու կրկին ստանում արտոնություն՝ վայելելու կյանքը բնության գրկում:
Ի սկզբանե էլ պարզ էր, թե իրականում ինչ խաղ էր Փաշինանը խաղում: Իշխանություններն օրենքի կամ այն ժամանակին «խախտածների» մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ այդ անելու համար նրանք «հիմնավոր» պատճառներ են ունենում, երբ Փաշինյանի մոտ խնդիր է առաջանում քաղաքականապես ինքնահաստատվելու:
Կասկածից վեր է, որ Հրայր Թովմասյանին առնչվող այսօրինակ լուրերն ունեն բոլոր շանսերը՝ նյութականանալու, ապացուցելու սեփական ճշմարտացիությունը: Իրականում ոչ մի աշխարհացունց բան էլ չի լինի, եթե կարճ ժամանակ անց հանրությունը տեղեկանա, որ Հրայր Թովմասյանին կասկածում են, ասենք, անցյալում գործած ամենամահացու մեղքերի մեջ՝ կոռուպցիա, թալան և այլն, հետևաբար՝ որոշում է կայացվել հանուն «ազգի փրկության» նրան մեկուսացնել:
Պարզից էլ պարզ է, թե իշխանությունները, մամուլի միջոցով նմանօրինակ լուրեր տարածելով, ինչ են ուզում արած լինել. Թովմասյանի «աչքը վախեցնում են», որ նա էլ, իբր վախենալով բանտում հայտնվելու հեռանկարից, «լավով» թողի պաշտոնն ու հանձնվի՝ իր հետ միասին հանձնելով նաև նախորդ համակարգը: Փաշինյանի համար ՍԴ նախագահի պաշտոնում Վահե Գրիգորյանին տեսնելը դարձել է կենացմահու հարց, ուստի՝ կասկած լինել չի կարող, որ ցանկացած գնով նա հասնելու է իր այդ նպատակին:
Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանում քաղբանտարկյալների թիվը կարող է ևս մեկով ավելանալ, և Թովմասյանը ստիպված լինի կիսել Ռոբերտ Քոչարյանի ու Մանվել Գրիգորյանի ճակատագիրն, ինչ է թե՝ տղամարդկություն է դրսևորում ու փորձում է ճիշտն օրենքի ուժով պաշտպանել: Չէ՞ որ թե՛ Քոչարյանը և թե՛ գեներալ Մանվելը հենց բացառիկ տղամարդկություն դրսևորելու համար են այսօր պատժվում,իսկ Փաշինյանն, ինչպես հայտնի է, ատում է իսկական տղամարդկանց բնորոշ այդ հատկանիշը…
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 10055 անգամ