Անչափելի մեծ կարոտ
2019-07-13 00:54:00
Նկարում իմ թոռնիկի՝ Նարեկի հետ եմ: Տատիկի հետ գրկախառնությունը, որ շատ բուռն էր, անչափելի մեծ սիրով, դա բնական էր, զարմանալի ոչինչ չկար մի քանի օրվա բացակայությունից հետո: Նա մտավ տուն, դեռ միջանցքում ամուր հպվեց պատին... Համբուրում էր... Համբուրում էր տան պատերն անչափելի մեծ կարոտով: Ես, ինձ կորցրած, վայելում էի այդ մեծ գեղեցկությունը, որ ինձ երևում էր աներևակայելի հրաշք պատկերով...
Մեկընդմեջ այն փոքրիկ ձեռքերը պատին էր մեկնում, որ ամբողջությամբ գրկելու անհնարինությանն էր առերեսվում: Այտերը քնքշորեն մոտեցնում, շուրթերը ջերմորեն հպում էր պատերին...
Այս օրերի իմ ապրումների մեջ տեղ գտավ այս փոքրիկ դրվագը, իրողություն, որ հիացնում է ինձ, այն փոքր է, բայց իմաստալից, հոգիս լի է գոհունակությամբ, ափեափ լցված հպարտությամբ այս փոքրիկ արցախցու հանդեպ, բայց հարազատական զգացումը չէ, որ ինձ առիթ է տալիս գրելու այս տողերը:
Տան քարե որմերը կարծես զրնգում էին Նարեկի կենսուրախ ձայներից: Նա թռչկոտում էր, ձեռքերը մեկնած՝ գրկում էր տան այս կամ այն իրը, շոշափում դրանք, սենյակից սենյակ մտնում ու բացականչում. «Ես արցախցի եմ, սա իմ տունն է, ես այստեղ պիտի ապրեմ...Ամենալավ տունը, ամենալավ քաղաքը, մեր Մարտակերտը...»:
Ամեն անգամ ես հպարտությամբ եմ լսել նրա խոսքը, որ ինքը արցախցի է ու այստեղ էլ ապրելու է միշտ: Երբեմն մտորումներիս մեջ ինչ-որ երկփեղկվածություն է եղել, որ փոքր է, դեռ ուրիշ քաղաքներում չի եղել, ինչ տեսել է այս տարիներին, այն էլ սիրելի է դարձել, բայց կյանքը կփոխի նրան: Նրա բացակայությունը Արցախից, երբ ծնողների հետ շատ ավելի մեծ քաղաքում էր մի քանի օր, համարեցի երեխայի համար խաղաղ ու երջանիկ ապրելու վայելք, որ կգա ու ափսոսանք կունենա, թե ինչու է ինքը ապրում այս փոքրիկ սահմանամերձ բնակավայրում: Այո՛, կարծում էի՝ երազանքը թևին տալով՝ նա կմտածի նորից հայտնվել մեկ ուրիշ շքեղ քաղաքում:
Ես փորձում եմ վերհիշել՝ այդ ե՞րբ ենք նրան սովորեցրել, որ պիտի հայրենիքը սիրել: Այդ սերը ներարկելու կարիք չկար: Այն դաս չէր, որ պիտի սերտեր, սահմանումների ամբողջություն չէր, որ պիտի մտապահեր... Ու իմ հարցին, թե որտեղ կցանկանար ապրել իր ամբողջ կյանքում, նա հաստատակամ էր՝ միայն Արցախում:
Ես խաղաղված եմ, սիրտս բերկրանքով լեցուն, որ Նարեկիս կերպարով այս սերունդը ապրեցնելու է մեր հայրենիքը, որը հավերժ է իր լինելությամբ, անմնացորդ սիրով, այն մեծ կարոտով, որ գրկած ունենք մեր հոգում:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 4059 անգամ