«Սպիտակ ձեռնոցներով» թաղապետը. ո՞վ է աղճատում Երևանի դեմքը
2019-07-10 12:47:00
Երևանում վխտացող աղբը, որն այդպես էլ ոչ մեկին չի հաջողվում մաքրել, քաղաքը բերել նորմալ սանիտարահիգիենիկ տեսքի, (այդպես էլ չի հաջողվում սպառիչ պատասխան գտնել այն խորհրդավոր հարցին, թե ով է ստեղծված իրավիճակի մեղավորը. քաղաքապետարանը Սանիթեքի վրա է գցում պատասխանատվությունը, «Սանիթեքն» էլ՝ քաղաքապետարանի), շարունակում է պղտորել ոչ միայն երևանցիների, այլև տարվա այս ժամանակահատվածում երկիր ժամանող բազմահազար զբոսաշրջիկների կյանքն, ովքեր, հենց Երևանի կենտրոնական փողոցներում թաղվելով թափված աղբի կույտերում, դժվար թե այլևս ցանկանան ևս մեկ անգամ այցելել Հայաստան:
Անշո՛ւշտ, որպես ստեղծված վիճակի հիմնական մեղավոր հարկ է մատնանշել քաղաքապետարանին՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ, սակայն աներկբա է նաև այն, որ պատասխանատվություն կրողների շրջանակը չի սահմանափակվում միայն Մարությանով կամ քաղաքապետարանի մի քանի բարձրաստիճան չինովնիկներով, և թաղապետերը ևս պատասխանատվության իրենց չափաբաժինն ունեն:
Հատկապես Երևանի կենտրոնում ստեղծված սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակն այս օրերին մարդկանց ստիպել է առավել խորությամբ վերլուծել, մասնավորապես, Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի (Վիծյոկ) գործունեությունն, ում՝ Կենտրոնի բնակիչներին տված խոստումները ժամանակին չափազանց հյութեղ էին թվում, հավաստի, ու քչերի մտքով կարող էր անցնել, որ դրանց միայն մի չնչին տոկոսն է կյանքի կոչվելու և այն էլ միայն այն հատվածը, որը կարող է ծառայեցվել մասնավոր շահերի:
Փոխարենը զբաղվելու ռեալ խնդիրներով և, մասնավորապես, նույն աղբահանության խնդրով (գոնե կենտրոնը պետք է արագորեն ձերբազատել աղբի գերությունից, քանի որ այն, ըստ էության, հանդիսանում է քաղաքի դեմքը), Մնացականյանն, ում կապերն, ասում են, բավական ազդեցիկ են, հենց ամենասկզբից կպավ Օպերայի հարակից սրճարանների ջանին՝ դrանք ապամոնտաժելով, բազմաթիվ աշխատավորների հացին վայիս լինելով, էյֆորիայի տակ մնացածների մի հատվածին բավական դաժանորեն սթափեցնելով: Մնացականյանն, ըստ էության, դրանով լուծում էր յուրայինների բիզնեսի ծաղկման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծման հարցն՝ անելով դա երևանցիների անունից ու իբր երևանցիների համար:
Հարց  է առաջ գալիս՝ ինչո՞ւ նույն Մնացականյանն, ում խոսքերը ժամանակին բավական սրտաճմլիկ էին թվում՝ լի երևանցիների հանդեպ սիրով, նույն փութաջանությամբ չի շտապում լուծել հենց Կենտրոնի բնակիչներին ամենաշատը հուզող աղբի խնդիրը: Պատասխանը, թերևս, պարզից էլ պարզ է. մարդը դրանում բիզնես շահ չունի, փող չի բռնելու: Եվ ուրեմն՝ ի՞նչ իմաստ ունի ծանր տեղը թեթևացնել ու «զիբիլով» զբաղվել: Բա սազում ա…
Դե իսկ Կենտրոնում իրականացվող շինարարական աղբի մասին խոսելն առհասարակ ավելորդ է: Նմանատիպ խնդրի գոյության մասին Մնացականյանն ընդհանապես չի հիշում ու չի էլ այն նշմարում: Մինչդեռ փաստ է, որ Երևանի խնդիներից մեկն էլ շարունակաբար եղել է ու այսօր էլ մնում է հատկապես քաղաքի Կենտրոնում իրականացվող անդադար շինարարությունն ու դրա հետևանքով գոյացած աղբի հավերժությունը, որ նորանոր անհարմարություններ է պատճառում ոչ միայն բնակիչներին, այլև օտարերկրյա հյուրերին՝ քաղաքին հաղորդելով խիստ անհրապույր տեսք, ստեղծելով ոչ անվտանգ միջավայր:
Սեփական աշխատավայրը՝ Կենտրոնի թաղապետարանը, որպես իր երկրորդ տունը «համարող» թաղապետն ակնհայտորեն մատնված է անգործության և մաշում է ոչ միայն իր,այլև անձամբ Նիկոլ Փաշինյանի հասարակական կապիտալն՝ ապացուցելով, որ մի բան է խոսքերով ժողովրդի ականջը շոյելը և բոլորվին այլ բան՝ գործը:
Եվ ինչո՞ւ կամ ո՞վ է այս ինքնակոչ հեղափոխականին հանդուրժում…
Այս նյութը դիտել են - 4332 անգամ