Ի՞նչ կարող են Հայաստանին առաջարկել Սինգապուրն ու Վիետնամը.Norlur
2019-07-09 00:50:00
Վարչապետ Փաշինյանի՝ Վիետնամ ու Սինգապուր կատարած այցերի վերաբերյալ այս օրերին ստացվող տեղեկությունները բավական ներշնչող են. վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ միասին այդ երկրներում արժանացել է տպավորիչ ընդունելության:
Հայտնի է դարձել նաև, որ նույն Սինգապուրի հետ հաջողվել է ստորագրել կրկնակի հարկումը բացառող հմաձայնագիր: Վարչապետը հանդիպումներ է ունեցել նաև տեղի գործարար շերտի հետ, ինչպես նաև խոսվել է աշնանը հայ-վիետնամական գործարար համաժողով անցկացնելու մասին:
Ժամանակակից աշխարհում, ուր արտաքին քաղաքականության ասիական ուղղությունը է՛լ ավելի է կարևորվում, Հայաստանը նույնպես փորձում է հետ չմնալ համընդհանուր տենդենցներից ու սեփական դարպասները բացել ոչ միայն արևմտյան կամ ռուսական կապիտալի առաջ, այլև ասիական, եթե դա հնարավոր լինի: Աշխարհամասի գիգանտների՝ Չինաստանի ու Հնդկաստանի հետ մեր երկրների հարաբեությունները չափազանց կառուցողական են, և հատկապես Չինաստանը, որի համար փոքիկ Հայաստանը կարևոր օղակ է գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացներում, իր համակրանքը մեր երկրի նկատմամբ չի թաքցնում: Հնդկաստանը նույնպես Հայաստանի համար կարևոր երկիր է, ում հետ երկկողմ հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում:
Սինգապուրի ու Վիետնամի պոտենցիալը մեր երկրի համար դեռ ամբողջությամբ բացահայտված չէ: Այս երկրները, որոնք տնտեսապես բավական զարգացած են (կոնկրետ Սինգապուրն առաջ է ընկել անգամ արևմտաեվրոպական մի շարք երկրներից), Հայաստանի համար նախևառաջ արժեք են ներկայացնում հավելյալ շուկաների անհրաժեշտ փնտրտուքի համատեքստում: Հատկապես հեղափոխությունից հետո Հայաստանի ղեկավարությունը վարում է աշխարհին բացվելու քաղաքականություն, և Փաշինյանի այցը հեռավորասիական այդ երկրներ հարկավոր է դիտարկել նաև այդ տեսանկյունից:
Ի՞նչ կարող էն Վիետնամն ու Սինգապուրը, որին մեզանում շատ են սիրում մատնացույց անել՝ որպես տնտեսական հրաշք գրանցած երկրի, տալ փոքրիկ Հայաստանին:
Մասնավորապես՝ Սինգապուրի հետ համապատասխան համաձայնագրի կնքումը, թերևս, լավ հիմք կարող է լինել՝ երկկողմ տնտեսական համագործակցությունը Հայաստանին ծառայեցնելու համար՝ չնայած աստեղ հարց է բարձրանում՝ կապված հայկական ապրանքատեսակների մրցողունակության հետ այն դեպքում, երբ օբյեկտիվորեն գոյություն ունեն մի շարք դժվարություններ:
Կամ ինչո՞վ կարող է փոքրիկ Հայաստանի շուկան, որի սպառողունակությունը խիստ ցածր է, ըստ արժանվույնս գնահատվել նույն Վիետնամի գործարարների կողմից, մի դեպքում, երբ նույն Ասիայում հսկաները միմյանց «կոկորդ են կրծում»՝ ներդրումներ ներգրավելու համար: Ի՞նչը պետք է ասիական այդ երկու երկրներին ստիպի սեփական հայացքն ուղղել Հայաստանի կողմը՝ հաշվի առնելով մեր երկրի սուղ հնարավորությունները: Նրանց համար կարո՞ղ է գայթակղիչ թվալ այն հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ՝օրինակ:
Հուսանք՝ Փաշինյանին, այնուամենայնիվ, կհաջողվի ստիպել ասիացիներին՝ նորովի արժևորելու Հայաստանն, իսկ դրա համար նախևառաջ անհրաժեշտ կլինի ներքին կայունություն ու կանխատեսելիություն:
Այս նյութը դիտել են - 3805 անգամ