Խոլերայի համաճարակի վտանգ՝ Երևանում. Հայկ Մարությանին կաշառե՞լ են
2019-07-08 12:30:00
Հուլիսի 8- ին մի խումբ երևանցիներ՝ Արշակունյաց պողոտայի բնակիչներ , բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ բողոքելով այդպես էլ երկար ամիսներ իր լուծումը չստացող քաղաքի աղբահանության խնդրի դեմ : Որպես   բողոքի դրսևորում ցուցարարները տոպրակներով աղբ են նետել քաղաքապետարանի   դիմաց՝ պահանջելով քաղաքապետ Մարությանից՝ անհապաղ կերպով ձեռնամուխ լինել սեփական լիազորությունների լիարժեք ի կատար ածմանն ու դադարել մարդկանց հիմարի տեղ դնել :
Իր հերթին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Երևանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ ունեցած զրույցում իրավիճակի ողջ պատասխանատվությունը գցել է տխրահռչակ « Սանիթեքի » վրա՝ միևնույն ժամանակ որպես « պերֆորմանս » որակելով քաղաքացիների կողմից իրականացված ակցիան : « Թե որքանով է դա իրավաչափ , դրա գնահատականը կտան իրավապահները : Ամեն դեպքում , չեմ կարծում , որ դրա հասցեատերը Երևանի քաղաքապետարանն է »,- ջայլամային կեցվածք ընդունելով՝ հայտարարել է խոսնակը՝ միաժամանակ երկար - բարակ հավաստիացնելով , թե իբր քաղաքապետարանը , սեփական « կաշվից դուրս գալով », ամեն կերպ փորձում է լուծել խնդիրը :
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա կազմակերպածների նկատմամբ, որոնց թվում է նաև Երևանի ավագանու նախկին անդամներից մեկը, ոստիկանությունը բռնություն է կիրառել՝ նրանց բերման ենթակելով Կենտրոնի բաժին ու քրեական գործ հարուցելով:
Հետհեղափոխական Հայաստանի վայ բնութագրիչներից մեկն էլ , ի թիվս այլ զավեշտների , դարձել է մայրաքաղաքի սանիտարահիգիենիկ խնդրահարույց վիճակը : « Սանիթեքի » կամայականություններին գերի դարձած Հայկ Մարությանն , ում նախընտրական խոստումների թոփ եռյակում աղբահանության հարցն էր նաև , փաստացի « մատը մատին չի տալիս » ՝ վերջնականապես լուծելու ամենուրեք թափված աղբի գարշահոտությանը գերի դարձած Երևանի՝ այսօր արդեն թիվ մեկ խնդրի վերածված խնդիրը:
Տարոն Մարգարյանին ժամանակին բոլոր հնարավոր մահացու մեղքերի մեջ մեղադրած քաղաքական թիմի ամենավառ « աստղի » ՝ Մարության Հայկի՝ խնդրին ցուցաբերած անլուրջ վերաբերմունքի հետևանքով երևանցիները փաստացի հայտնվել են խոլերայի համաճարակի եզրին . աղբի խեղդող հոտը զգալի է ինչպես քաղաքի ծայրամասային գոտիներում , այնպես էլ՝ կենտրոնում : Մինչդեռ մեծամասամբ որպես հայտնի կոմիկ ընկալվող դերասանի օգտին ամիսներ առաջ քվեարկելիս մարդիկ չէին էլ կարող պատկերացնել , որ կարճ ժամանակ անց « մերժվածների » դասին պատկանող Տարոն Մարգայանի կառավարման երկարամյա շրջանին երանի են տալու :
Իսկ Մարությանի քար անտարբերության պատճառները կարծես հետզհետե ի հայտ են գալիս : Ասում են՝ հեղափոխական ալիքի վրա չինովնիկական կարիերա արած « արտիստը » նպատակ ունի աղբի բիզնեսում ինչ - որ կերպ փայ մտնել՝ այդպես էլ հրաժարվելով նույն « Սանիթեքին » կարգի հրավիրելու հարցում կտրուկ միջոցներ ձեռնարկել : Համաձայնե՛ք , որ մի տեսակ կասկածելի հանդուրժողականություն է « Սանիթեքի » նկատմամբ՝ հեռուն գնացող եզրակացությունների տեղիք տվող , որ ստիպում է հավատալ օդում կախված լուրերին :
Հայկ Մարությանին կաշառե՞լ են , թե՞ նա այնքան նայիվ է , որ չի տիրապետում իրավիճակին …
Ամեն դեպքում քաղաքում և , առհասարակ , երկրում աղբի խնդրի լուծման բանալին կարող է լինել մեկը՝ աղբի վերամշակման գործարան բացելը , որը կօգնի ոչ միայն բացառել սանիտարահիգիենիկ նմանօրինակ աղետն , այլև հարստացնել բյուջեն :
Բայց դե «նոր» իշխանության» ժամանակներում ո՞վ է իր « խելքը հացի հետ կերել », որ գա ու Հայաստանում ներդրումներ անի՝ տեսնելով այն իրավաքաղաքական «բեսպրեդելը», որ կատարվում է բոլորի աչքի առաջ :

Այս նյութը դիտել են - 4349 անգամ