Ո՞վ է Արտակ Գալստյանը «Փաստ»
2019-07-06 22:18:00
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը հայտարարել էր, թե, ըստ արտահոսած տեղեկատվության, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը և Մխիթար Պապոյանը, իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն: 
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պաշտոնապես հայտնել էր, որ տարածված տեղեկությունն առ այն, թե պաշտպանական խմբից արտահոսք է եղել՝ դատական ակտը Վերաքննիչ դատարանի դատավորների կողմից գրելու վերաբերյալ, բացահայտ սուտ է, իրականությանը չի համապատասխանում: Իր հերթին Մխիթար Պապոյանն էլ հայտարարել է, թե «նշված հրապարակումն ամբողջությամբ սուտ է, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և պարունակում է հանցագործության մասին տեղեկություններ, հետևաբար՝ համապատասխան մարմիններին խնդրում եմ իմ այս հրապարակումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և օրենքով սահմանված կարգով պատշաճ իրավական գնահատական տալ Արտակ Գալստյանի և այդ կեղծ տեղեկությունը վերջինին հաղորդած անձի արարքներին»:
Իսկ ո՞վ է Արտակ Գալստյանը:
Պարզվում է, որ խոսքը, այսպես ասած, «Վանոյի Արտակի» մասին է, ով անցել ու անցնում է մի շարք քրեական գործերով: Խոսքը, մասնավորաբար, ըստ datalex-ից ստացված տվյալների, խոշոր չափերով խարդախության փորձի, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստության, ինչպես նաև շինծու գործարքի վերաբերյալ քրգործերի մասին է:
Ավելին, դեռևս 2016 թվականին ՀՔԾ-ն հայտարարել էր, թե «հիմնավորվել է, որ Արտակ.Գալստյանը 2008 թվականի ընթացքում որպես արհեստ կատարել է վաշխառություն»: Խոսքը վաշխառության 7 դրվագների մասին է, սակայն քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմնավորմամբ:
Սակայն Գալստյանի հետ առնչվող արարքների ցուցակն այսքանով չի ավարտվում: ՀՔԾ-ն նաև հայտարարել է, որ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ բացահայտվել են նաև Արտակ Գալստյանի հետ առնչություն ունեցող մի շարք անձանց կողմից վաշխառություն և խարդախություն կատարելու նոր դեպքեր, որոնց առթիվ հարուցվել են նոր քրեական գործեր և ուղարկվել ըստ քննչական ենթակայության»:

Այս նյութը դիտել են - 7588 անգամ