«Հրապարակ» Պիպոն բզբզում է քաղաքապետի դեմ այնպես, ինչպես նախկինի՝ Կարեն Գրիգորյանի դեմ էր ակցիաներ կազմակերպում
2019-07-05 10:49:00
«Հրապարակ»-ը գրում է. Հուլիսի 9-ին, ժամը 19.30-ին Էջմիածին քաղաքի կենտրոնական հրապարակում քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ բողոքի ակցիա է նախատեսված։
Տեղեկություններ կան, որ ՔՊ-ական քաղաքապետի դեմ ակցիան ուղղորդվում է Էջմիածնում հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի կողմից, դրա «ապացույցներից» մեկն էլ Պիպոյի կողմից ուղղորդվող ակտիվիս Ջիվան Աբրահամյանի՝ ակցիայի մասին «ֆեյսբուքյան իրազեկումն» է․«Սիրելի Էջմիածնեցիներ ամսի 9-ին 19.30 հավաքվում ենք Էջմիածնի հրապարակում ,Կոմիտասի արձանի շուրջ և մեր բողոքի ձայնը բարձրացնում քաղաքապետարանի անօրինականությունների դեմ»-գրել է նա։
Ըստ տեղեկությունների՝ Դոն Պիպոյի եւ քաղաքապետի ջրերը վերջին շրջանում մի առվով չեն հոսում, Պիպոն բզբզում է քաղաքապետի դեմ այնպես, ինչպես նախկինի՝ Կարեն Գրիգորյանի դեմ էր ակցիաներ կազմակերպում։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ արդեն հինգ օր է Էջմիածնի քաղաքացիներից մեկը նստացույց է անում քաղաքապետարանի դեմ՝ Դիանա Գասպարյանի հրաժարականի պահանջով։
Այս նյութը դիտել են - 4720 անգամ