Վանոյի արտակների «նոր» Հայաստանը. ո՞ւր է նայում Օսիպյանը
2019-07-04 23:58:00
Ինչպես հայտնի է, Քննչական կոմիտեն վերաբացել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ 2014-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործը: Մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել չորս հոգի, որոնցից մեկն էլ, փաստորեն, գործող ոստիկանապետի եղբորորդի Սեդրակ Օսիպյանն է:
Այստեղ ամենաուշագրավը, սակայն, երևի թե ոչ այնքան գործի վերաբացումը պետք է համարել, որքան այն, որ ոստիկանապետի եղբորորդու պաշտպանների դերում են սկսել հանդես գալ, մեղմ ասած, խիստ կասկածելի համբավ ու հեղինակություն ունեցող անձինք՝ «իրավապաշտպան» կոչեցյալ Արտակ Գալստյան (Վանոյի Արտակը), փաստաբան Սուսաննա Սարգսյան զույգը, որը, փաստորեն, բավական բարեհաջող կերպով վերաֆորմատավորվել ու ադապտացվել է «նոր» Հայաստանի պայմաններին՝ հին տերերին փոխարինելով նորերով (երևում է՝ նորերը դեմ չեն հների օրինակով օգտվել սրանց մատուցած «հատուկ ծառայություններից»):
Իհարկե, Օսիպյանի եղբորորդու շահերը պաշտպանելու մեջ ինքնին ոչ մի վատ բան լինել չի կարող, պարզապես այստեղ հարցն այն է, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ ամեն անգամ աղմկահարույց գործերի համատեքստում հենց այս «հայտնի» երկուսի անունն է առավելապես շոշափվում, հենց սրանք են զբաղվում հասարակական հնչեղություն ստացած գործերով, այն դեպքում, երբ, հայտնի բան է, նույն «Վանոյի Արտակ» կոչեցյալը սեփական հեղինակության հետ կապված միշտ ունեցել է ու հիմա էլ ունի լրջագույն խնդիրներ (մարդը քրեական անցյալ ունի ու այս ընթացքում հասցրել է մի քանի «սռոկ գլորել»):
Իսկ այդ խնդիրները բնավ հնարածին չեն և իրենց հիմքում հստակ հանցակազմ են պարունակում:
Նույն ոստիկանությանը պետք է որ հայտնի լիներ, թե իրականում ինչպիսի սկանդալային անհատականություն է Արտակ Գալստյանն, ում քայքայիչ գործունեությունից տուժածների թիվն այնքան էլ քիչ չէ. բազմաթիվ են այն նամակները, որոնք շարունակաբար հղվել ու հիմա էլ հղվում են ՀՀ ոստիկանությանը՝ սանձելու Գալստյանին, բայց որոնք, ավա՜ղ, այդպես էլ մնում են անտեսված. ոստիկանությունում մեկը մյուսի վրա են գցում կազմակերպված հանցավորության հստակ տարրեր պարունակող գործն՝ իջեցնելով այն ընդհուպ «ուչաստկովիի» մակարդակի (գործը պետք է քննի 6-րդ վարչությունը՝ կոչված լինելով պայքարելու կազմակերպված հանցավորության դեմ, այլ ոչ թե այն իրենից գցի), ձևացնում, թե չեն ճանաչում «իրավապաշտպանին», որ տեղյակ չեն նրա համացանցային խուլիգանություններին և այլն, ինչն ուղղակի նոնսենս է, ծածկադմփոց սարքելու մի պարզ օրինակ: Հետևաբար՝ հարկ է միանշանակորեն եզրակացնել, որ համակարգը շարունակում է մնալ նույնն, իսկ համակարգային փտախտն էլ՝ խորանում է:
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս պատահեց, որ Նիկոլի Հայաստանում Նիկոլի իսկ կողմից մերժվածների «ստրուկ» Վանոյի Արտակը ոչ միայն հաջողացրեց ազատ արձակվել բանտից, արդարանալ, այլև իրավապաշտպանի գործառույթներ ստանձնել՝ պաշտպանելով այժմ արդեն գեներալ-մայոր Օսիպյանի եղբորորդուն: Փոխարենն արևի երես չտեսնելու, է՛լ ավելի խստորեն պատժվելու, մասնավորապես, նույն համացանցային տիրույթում շարունակաբար ծավալած իր քայքայիչ ու նույնիսկ ահաբեկչական գործունեության համար, որի թիրախում, ի դեպ, դժբախտություն եմ ունեցալ հայտնվելու նաև ես՝ USArmenianews.com կայքի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանս, Վանոյի Արտակն այսօր ոչ միայն ըմբոշխնում է կյանքի հաճույքներն, այլև գործընկերուհու ուղեկցությամբ իր համար իրավապաշտպանի կարիերա անում՝ հաջողացնելով դառնալ Սեդրակ Օսիպյանի պաշտպանն ու տարբեր եթերներից խոսել օրենքի ու իրավունքի մասին (վերջին անգամ «Նոյյան Տապանի» եթերում էր Սուսաննա Սարգսյանի հետ միասին ի ցույց դրել իր իրավաբանական գիտելրիքները ի պաշտպանություն Սեդրակ Օսիպյանի):
Եվ այսքանից հետո ինչ-որ մեկը կարող է ասել, որ Հայաստանում իրական հեղափոխությո՞ւն է տեղի ունեցել կամ Օսիպյանն իր տեղո՞ւմ է: Ակնհայտ է, որ փաստերը բոլորովին այլ բանի մասին են վկայում՝ դիմակազերծելով հայաստանյան իրականությունն ու փաստելով՝ ոչինչ էլ չի փոխվել ու դեռ մի բան էլ վատացել է՝ ստանալով «թավշյա» երանգավորում:
Իրականությունը մեզ ստիպում է՝ մեր գրիչը կրկին անգամ ուղղելու ոստիկանության ուղղությամբ՝ հանրայնացնելու ու դատափետելու այն բոլոր համակարգային արատները, որ այսօր էլ ծաղկում են հեղափոխականի պիտակն իրենով արած, վերջերս էլ գեներալ դարձած Վալերիյ Օսիպյանի օրոք (ակնհայտ է, որ համակարգում ամենաթույլ օղակը հենց ոստիկանապետն է, ինչի մասին է խոսում նաև այն, որ նրա եղբորորդու պաշտպանությունն իրականացնում են ոչ թե անբասիր վարք ունեցող ու աներկբա վստահություն ներշնչող անձինք, ինչպես պետք է որ լիներ, այլ վանոյի արտակների ու սուսանների կարգի դեմքեր…):
Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում կրկնել, որ անցյալի էջը «նոր» Հայաստանում այլևս անդառնալիորեն շրջված է: Ցավով պետք է արձանագրենք, որ իրականությունը բոլորովին այլ է՝ տարբեր այն պատկերից, որ իշխանությունները նկարում են ու մատուցում ժողովրդին:
Ամեն ինչ սկսվում է իրավապահ համակարգից, և եթե այստեղ իրական անարխիա է, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ իրավիճակ է մյուս բոլոր ոլորտներում:
Շարունակելի...
Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 10988 անգամ