ՍԴ նախագահը մահացե՞լ է. իրավագետները՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին.ArmDaily
2019-06-20 09:06:00
Արդեն երկրորդ անգամ է, որ Վահե Գրիգորյանը փորձում է յուրովի մեկնաբանել Սահմանադրության կետերը, առաջին անգամ նա դա արեց, երբ մեկ տարի առաջ ասաց, որ ՀՀ նախագահը պետք է ընտրվի ոչ թե ԱԺ-ի կողմից, այլ ուղիղ ընտրությունների միջոցով՝ ժողովրդի կողմից։
ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ինքն այս պահից կատարում է ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները, ասաց ԼՂՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավաբան Ռուբեն Մելիքյանը։
«Վահե Գրիգորյանն իրեն հռչակում է ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, դա հիմնավորելով նրանով, որ 2015 թ-ի Սահմանադրական փոփոխություններից հետո միայն 2 դատավոր է ընտրվել։ Առաջինն Արման Դիլանյանն է, ով այս պահին արձակուրդում է։ Հետևաբար ինքը կարող է Սահմանադրական դատարանի նախագահի ժամանակվոր պաշտոնակատարի լիազորույթունները ստանձնել։ Սակայն Սահմանադրության 213-րդ հոդվածը սահմանում է, որ ՍԴ անդամներն ու նախագահը իրենց լիազորությունների սահմանում շարունակում են պաշտոնավարել։ Բանն այն է, որ Սահմանադրությունը որոշակի փոփոխություններ է կատարել անվանումների մեջ, օրինակ անվանումների փոփոխություններից է նաև Վերահսկիչ պալատի վերանվանումը Հաշվեքննիչ պալատ։
Հիմա ի՞նչ, մենք ասենք, որ կառույցի անդամներն ու նախագահը իրավազո՞ր չեն, քանի որ անունը փոխվել է։ Այս հարցերը Սահմանադրությունը շատ ուղիղ կարգավորել է 213-րդ հոդվածով։ Եթե չլիներ այդ հոդվածը, դեռ հնարավոր կլիներ ինչ-որ փաստարկների մասին խոել, թեև այդ պարագայում էլ այդ փաստարկները, մեղմ ասած ուժեղ չէին լինի։ Բայց այս իրավիճակում Սահմանադրությունը ուղիղ կարգավորել է խնդիրը ՝ սահմանելով, որ ՍԴ անդամներն օժտված են անփոփոխելիության երաշխիքով»,-ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ հաջորդ տարօրինակությունն այն է, որ այդ հարցը բարձրացավ միայն հիմա՝ 2015 թ-ի Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց 1 տարի 2.5 ամիս անց։
«Ինչպես եղավ որ որևէ իրավաբանի մտքով նման մեկնաբանություն չի անցել։ Միայն հիմա պաշտոնական, իշխող քաղաքական ուժի խողովակներով Գրիգորյանի մեկնաբանությունները գերակա են ներկայացվում։ Այս ամենը մեղմ ասած քննադատություն չի դիմանում։ Կարծում եմ, սա ընդամենը փորձ է մայիսի 20-ին սկսված դատական իշխանության ուզուրպացիան ավարտին հասցնելու»,- ասաց Մելիքյանը։
Սահամանադրագետ Վարդան Այվազյանն անդրադառնալով Վահե Գրիգորյանի հայտարարությունն ասաց. «Սահմանադրական դատարանի նախագահը մահացե՞լ է, որ ինքը պետք է զբաղեցնի ՍԴ նախագահի պաշտոնը։ Ես էլ եմ ասել, ու հիմա էլ կրկնում եմ, Վահե Գրիգորյանը քաղաքական գործիչ է։ Նախկին ու ներկա Աահմանադրությունների ինչ-որ տերմիններ վերցրել է ու ինչ-որ բառախաղ է խաղում, ու դրանով նա պետք է երկրում սահմանադրական կա՞րգ ապահովի, դա քաղաքական էժանագին խաղ է, որը վայել չէ իրավաբանին։ Նա իրավական անգրագիտության դրսևորում, դրանով մի ամբողջ ինստիտուտի գոյությունը հարցականի տակ դնելով, սա մի կողմից անլուրջ է քայլ է , մյուս կողմից շատ վտանգավոր»,-ասաց Այվազյանը՝ հավելելով, որ անունների փոփոխության արդյունքում էությունն ու բովանդակությունը չի փոխվում։
Այս նյութը դիտել են - 2351 անգամ