Հրաժարական կտամ երկու պայմանով. դատավոր Ալեքսանդր Ազարյան. News am
2019-05-20 10:22:00
Հրաժարական կտամ երկու պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա եւ, երբ լրանա իմ 65 տարեկանը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին։
Նշենք, որ Ազարյանն այն դատավորն է, ում որոշմամբ 2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից, քանի որ դատարանն արձանագրել էր, որ պաշտոնաթող նախագահն անձեռնմխելի է։ 
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը եւ ելքերը։ Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ եւ ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։
Գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն: Պետք է հրաժարական տան նաեւ բոլոր դատավորները, ովքեր գիտեն, որ չեն կարող լինել անաչառ։
 
Այս նյութը դիտել են - 4349 անգամ