ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. Hraparak
2019-05-08 21:59:00
Ողջույն, մեծարգո վարչապետ։
Լա՞վ եք: Հրաշալի է: Ես էլ եմ լավ եւ մաղթում եմ, որ Դուք ավելի լավ լինեք, քանզի Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ արժեքը վարչապետն է:
Ձեր թանկագին ժամանակը չխլելու համար միանգամից անցնեմ նամակիս բուն բովանդակությանը: Եվ, ուրեմն, 2018 թվականի գարնանը տունը, որտեղ ապրում էի, սկսեց փլուզվել: Ուրիշ բան չմտածեք, դա Ձեր հեղափոխության հետ բացարձակապես կապ չունի: Հին տուն է, հոգնել էր երեւի: 2018թ. օգոստոսին բարեկամներիս հորդորով դուրս եկա իմ կիսավեր տնից ու մինչ օրս հերթով պատսպարվում եմ նրանց բնակարաններում:
Միայնակ թոշակառու կին եմ, ունեմ տեղաշարժողական խնդիրներով լուրջ հաշմանդամություն: ՀՀ նախորդ իշխանություններն ինձ սոցիալական նպաստ էին տալիս («Փարոս»), որը, սակայն, դադարեցվեց Ձեր օրոք: Ձեր սոցիալական ապահովության նախարարությունն ԱԻՆ-ից էլ արագ արձագանքեց փլուզվող տնից իմ դուրս գալու փաստին: Հիմա էլ ասում են` չենք վճարի, մինչեւ չապրես այդ տանը: Չգիտեմ ինչ անել, պարոն վարչապետ, որովհետեւ այդ նպաստն ինձ համար իսկապես կենսական նշանակություն ունի: Ես Ձեր նշած այն նպաստառուներից չեմ, որ բանկերի հետ գործարքներ են անում, ավտոմեքենա են ներկրում, չգիտեմ` մի ամբողջ շենքի չափ գազ ու էլեկտրաէներգիա սպառում: Չասեմ իմ, բայց իմ վիճակում հայտնված քաղաքացու նպաստը դադարեցնելը, մեղմ ասած, հանցագործություն է: Եթե այդ նախարարության աշխատակիցներին մեկ ամիս աշխատավարձ չտաք, հնարավոր է` շունչները փչեն: Իսկ ես 2018թ. օգոստոսից նպաստ չեմ ստանում, ո՞նց է Ձեզ համար:
Պարոն Փաշինյան, ինձ զարմացնում է նաեւ Ձեր լռությունը: Որ ասեմ` այս ընթացքում դինջ նստել եմ ու ձայն չեմ հանել, այդպես էլ չէ: «Հրապարակը» 2-3 անգամ գրել է իմ եւ իմ տան մասին, ես եմ նամակներ գրել պատկան ինստանցիաներին, որ այս հարցին լուծում տրվի, որովհետեւ Ձեզ նման վարչապետ ունեցող երկրին հարիր չէ ինձ նման անտեսված քաղաքացի ունենալը: Իսկ մայիսի 6-ին անգամ ԱԻՆ-ից են եկել ու հայտարարել, որ ինձ չեն թողնի այդ տանը բնակվել: Գիտե՞ք ինձ ինչ են պատասխանում քաղաքային եւ թաղային իշխանությունները: Աննայի թեւից պինդ բռնիր, վարչապետ ջան, որ չընկնես: Ինձ ասում են` «ոչնչով օգնել չենք կարող»: Ի՞նչ է մնում անելու միայնակ, իր կյանքի 8-րդ տասնամյակում գտնվող հաշմանդամ կնոջն այս պատասխանից հետո: Այո, նստել եւ բաց երկնքի տակ նամակ գրել երկրի վարչապետին՝ այն հույսով, որ նա համապատասխան միջոցներ ձեռք կառնի: Ի վերջո, արդար չէ փլուզված տնից էվակուացված բնակչի «Փարոսը» կտրելը, արդար չէ միայնակ թոշակառուին, որ իր ողջ կյանքն աշխատել է երկրի համար, օգնության հարցում անամոթաբար մերժելը, արդար ու մանավանդ հայեցի չէ ծնողից այդպես երես թեքելը:
Մեծարգո վարչապետ
Ես համոզված եմ, որ Դուք բավականին հաճախ եք հանդիպում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ եւ ծանոթ եք քաղաքաշինության հետ կապված նրա տիեզերական ծրագրերին: Այդպիսի քաղաքապետ ունենալը մի ուրիշ բարեբախտություն է մեզ համար: Առաջարկում եմ Հայկ Մարությանի եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը եւս մեկ անգամ բարձրացնել, նույնիսկ եռապատկել, որ նրանք վերջապես քաղաքի բնակիչների հոգսերին էլ նույնկերպ անդրադառնան, ինչպես անդրադառնում են սեփական գրպանի պարունակությանը: Այլապես ինչի՞ նման է, որ քաղաքապետ մարդը, առանց լսելու եւ հասկանալու իր քաղաքի բնակչի խնդիրը, պատասխանում է` «ոչնչով օգնել չեմ կարող»:
Ամալյա ՄԵԼՔՈՆՅԱՆ, միայնակ թոշակառու
Այս նյութը դիտել են - 4513 անգամ