Ինչո՞ւ է Փաշինյանն ընկել Ծառուկյանի հետևից. նոր «վենդետա»
2019-04-18 10:23:00
Դատելով ամենայնից՝ հայ հանրությունը նոր ռեպրեսիաների է ականատես դառնալու:
Ապրիլի 18-ին, կառավարության նիստում Փաշինյանը կրկին հանդես է եկել «ասֆալտին փռելու» տրամաբանությունից բխող հայտարարություններով:
Մասնավորապես՝ անդրադառնալով այն ահազանգերին, որ գազալցակայանները և բենզալցակայանները ՀԴՄ կտրոն չեն տալիս (Փաշինյանի մոտ ՀԴՄ տալ-չտալը դարձել է կպչուն մտքի պես մի բան, այն դեպքում, երբ 21-րդ դարում աշխարհի երկրների գերակշիռ մեծամանությունն առհասարակ հրաժարվել է վերահսկողական այդ մեխանիզմից)՝ Փաշինյանը, դիմելով ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին, ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին, ինչպես նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, հայտարարել է. «Ինձ ամեն օր ասում են, որ չեն տալիս կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս: Ընդ որում, ասում եմ՝ այդ բոլոր գազալցակայանների ու բենզալցակայանների հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ: Պարո՛ն Օսիպյան, պարո՛ն Վանեցյան, ինչո՞ւ չեք այդ հարցը լուծում, ինչքա՞ն պիտի էս հարցը մնա: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն էստեղ չի՞: Պաշտոնապես ասում են, որ չեն տալիս կտրոն, ինչի՞ չեք լուծում այդ հարցը: Գնացե՛ք, մի գազալցակայանին օրական հազար անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա: Նույնն էլ՝ բենզալցակայանին: Արդյունքում քրեական գո՛րծ հարուցեք, տարե՛ք նստացրեք էդ մարդկանց, էս ի՞նչ ձև ա»:
Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն ներխուժել է Միհրան Պողոսյանի առաձնատուն, ինչի կապակցությամբ Պողոսյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ նմանօրինակ քայլերը գնահատելով՝ քաղաքական հետապնդման դրսևորում:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են Փաշինյանի մոտ կրկին բռնապետական հակումներ առաջ գալիս , ովքե՞ր կամ ո՞վ է հեղափոխական վարչապետի բուն թիրախը:
Ինչպես հայտնի է, վերջին օրերին բուռն իրադարձությունների թիրախում է հայտնվել հատկապես Գագիկ Ծառուկյանը. նախ՝ «Առինջ Մոլն» էր թիրախավորվել ՊԵԿ-ի կողմից, ապա՝ իշխանությունների որոշման արդյունքում փակման եզրին էր հայտնվել Արարատի ցեմենտի գործարանը, որի աշխատակիցները բողոքի ակցիաներ էին իրականացրել:
Հայաստանում ԱԳԼՃԿ-ների մեջ քիչ չեն Ծառուկյանի անվան հետ ասոցացվող լցակայանները, որոնք նույնպես, փաստորեն, այժմ հայտնվել են Փաշինյանի թիրախում. ՀԴՄ-ների շուրջ Կառավարության նիստում բարձրացած այս ողջ աղմուկ-աղաղակը ոչ այլ ինչ է, քան սպառնալիք՝ Գագիկ Ծառուկյանին, նույնիսկ այն դեպքում, երբ, այդ մարդուն պատկանող գազալցակայաններում որևիցե խախտում չի հայտնաբերվել՝ չնայած ՊԵԿ-ի բուռն ցանկությանը՝ «ձվի մեջ մազ գտնելու»: Չգտնելով ոչինչ՝ հիմա Փաշինյանը, փաստորեն, «կախվում է» ՀԴՄ-ներից ու ոչ համաչափ լուծում տալիս իրավիճակին՝ սպառնալվ ՀԴՄ չտպելու համար մարդկանց «լցնել բերդերը», «ասֆալտին փռել», «ծեփել պատերին» և այլն:
Անզեն աչքով էլ տեսանելի է, թե որն է այս ողջ խեղկատակության հիմնական նպատակը:
 Փաշինյանն ակնհայտորեն ջանում է «վենդետայի» թիրախ դարձնել Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին՝ շատ լավ հասկանալով, թե իր կուսկացության՝ օրեցօր նվազող վարկանիշի արդյունքում ինչ կարող է կատարվել: Հեղափոխական էյֆորիայի վերջանալուն զուգահեռ Փաշինյանի առաջ խնդիր է ծագում՝ մրցակից կուսակցությունների վարկանիշի աճից բխող վտանգը չեզոքցնելու՝ խփելով ԲՀԿ-ին՝ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությունը թիրախավորելու միջոցով՝ թքած ունենալով, թե դրա ադյունքում հասարակ ժողովուրդը որքան կտուժի կամ չի տուժի:
Ահա և ձեզ «հպարտ քաղաքացիների» «ժողովրդական» վարչապետ…
Ալեքսանդր Գրիգորյան
Այս նյութը դիտել են - 5493 անգամ