Բանակայինները՝ «թավշյա» անտարբերության զոհ
2019-04-06 22:10:00
Ստացվել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը՝ կապված ՊՆ առջև շուրջ 4 օր հացադուլ անող պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանի պահանջի հետ: Հակոբյանը պահանջում է, որպեսզի խաղաղապահ ուժերում ծառայության ժամանակ ձեռք բերած հիվանդությունների բուժման համար ՊՆ-ն իրեն ուղարկի Գերմանիա բուժվելու և իր խնդիրը տեղ հասցնելու համար հանդիպում է խնդրում Տոնոյանից:
Ֆեյսբուքյան իր էջում Ա. Հովհաննիսյանը բավական երկարաշունչ գրառմամբ է հանդես եկել՝ «ՀՀ ՊՆ N զորամասի նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Սերգեյի Հակոբյանի վերաբերյալ…» վերտառությամբ, ուր իբր փորձել է հանգամանալից կերպով բացատրել, թե ինչով է պայմանավորված Պաշտպանության նախարարության և, առհասարակ, պետության անտարբերությունն իր զինվորի նկատմամբ:
Իհարկե, ներկա ու նախկին զինվորականության նկատմամբ դրսևորվող բացահայտ անտարբերությունը նոր խնդիր չէ, ավելին՝ այդ անտարբերությունը շարունակաբար տարածվել է նաև ողջ ԶՈՒ վրա՝ ունենալով զանազան դրսևորումներ: Բայց այն բանից հետո, երբ Հայաստանում տեղի ունեցավ «հեղափոխություն» (գոնե Փաշինյանն իր՝ վերջին ամիսների քաղաքական գործունեւոթյունը հենց նման կերպ է որակում), մարդկանց մոտ հույսեր արթնացան, որ անտարբերության այդ սառույցը վերջապես կկոտրվի՝ մանավանդ էլ որ վարչապետի տղան ինքն այժմ գտնվում է ծառայության մեջ, ինչը պետք է որ Փաշինյանին ավելի սրտամոտ դարձներ զինվորի խնդիրները: Բայց արի ու տես, որ փաստերը, փաստորեն, հակառակի մասին են վկայում:
Ստացվում է, որ պաշտպանության նախարարությունը, որն, ինչպես հայտնի է, այժմ բուռն «հեղափոխական» ներքին պրոցեսներ է ապրում, անտարբերության հերթական օրինակն է դրսևորում սեփական զինվորի նկատմամբ, որն ակնհայտորեն լավ օրից չէ, որ եկել ու հացադուլ է անում ՊՆ շենքի մոտ:
Հետաքրքիր է, եթե նույն Տոնոյանը գոնե բարեհաճեր ու ընդուներ հայրենիքի առաջ ծառայություն մատուցած քաղաքացուն, դրանից որևէ մեկն աղքատանալո՞ւ էր: Եթե Փաշինյանի հետ փողոց չափչփած մեկը լիներ նմանօրինակ խնդրի առաջ կանգնած, արդյոք կբախվե՞ր Տոնոյանի սառն անտարբերությանն ու Արծրունի մերժմանը, թե՞, ընդհակառակը, ասենք, խաթրն առնելու համար դեռ մի բան էլ պաշտոնի կնշանակեին, որ հեղափոխական տղեն չնեղվի ու չհիասթափվի շեֆից…
Ցավոք, օրըստօրե է՛լ ավելի ես համոզվում, որ «նոր» Հայաստանում առավել քան երբևէ զինվորականությունն անտեսված է, և սա այն պարագայում, երբ բաձագույն իշխանությունները չեն դադարում ամեն կերպ «հպարտոթյուն ներշնչել» ՀՀ քաղաքացիներին: Ինչո՞վ պետք է հպարտանա քաղաքացին, իր խնդիրներին անհաղորդ իշխանություններո՞վ, թե՞ մինչև կոկորդը զզվեցրած իշխանական խոստումներով, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվում, հուսախաբություն են առաջացնում:
Անտարբերության մատնված զինվորականությանը վաղն ի՞նչ երեսով են հայրենասիրական կոչեր անելու՝ գնալ ու պաշտպանել հայրենիքը:
Իսկ միգուց այդ հայրենիքն այլևս ոչ մեկին պետք չէ՞, առավել ևս Արցախը…
Այս նյութը դիտել են - 2705 անգամ