ՄԻԵԴ-Ը ԳՐԱՆՑԵԼ Է «ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՎԼԱԴՄԻՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ» ԳՈՐԾՈՎ ԲՈՂՈՔԸ ՄԻԵԴ-ը գրանցել է լրագրողի բողոքը ընդդեմ նախկին ոստիկանապետի. «Հրապարակ»
2019-04-05 22:28:00
Լրագրող Սիրանույշ Պապյանն ընդդեմ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով բողոքը Եվրոպական դատարանը գրանցել է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց լրագրողի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը։
«Առաջին փուլն է անցել, վարույթ ընդունելը մի փոքր ավելի երկար ժամանակ է տեւում։ Առաջին փուլն անցել է բարեհաջող, տվել է գործի համար եւ հետագայում առաջին իսկ հնարավորության դեպքում կանդրադառնա մեր դեպքին․ մոտավորապես մեկ տարի տեւում է գրանցումից հետո։ Քանի որ շատ դեպքերում մերժվում են, ապա այս դեպքում գործը գրանցվել է, մենք սպասում ենք որոշումներին»,-նշեց Ասատրյանը։
Ներկայացուցչի խոսքով՝ իրենք սպառել են ներպետական բոլոր ատյաններն, որից հետո դիմել են ՄԻԵԴ․ «Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր մեր պահանջը՝ բավարարել եւ պարտավորեցնել ներողություն խնդրել լրագրողից, Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարնները թողել էին անփոփոխ։ Մենք՝ հաշվի առնելով, որ դատական համակարգում Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ լրագրողի իրավունքների պաշտպանությունն արդյունավետ իրականացնել, դիմեցինք Եվրոպական դատարան»։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել 2016թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Լրագրողների հետ հանպատրաստից ճեպազրույցում Սիրանույշ Պապյանի դիտարկմանը՝ կապված ոստիկանությունում բարեփոխումների հետ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է՝ «Ես էլ քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»:
Այս նյութը դիտել են - 3056 անգամ