Սպիտակցի Հայկոյին մեղադրանք է առաջադրվել. ԼՈՒՐԵՐ
2019-04-04 12:41:00
Սպիտակցի Հայկոյին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայկարամ Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Հ.Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին»- ասաց Հարությունյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ 2018թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Լևոնի Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը: Նախաքննության ընթացքում պայմանագրային զինծառայող Արայիկ Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ համացանցում մեծ աղմուկ բարձրանալուց հետո, Սպիտակցի Հայկոն հանդես էր եկել տեսաուղերձով, որտեղ անդրադառնալով մահվան ելքով վրաերթին ասել էր. «Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից, իսկ ես այդ ճանապարհով անցել եմ րոպեներ անց: Քննությունը կատարվում է ոչ թե իմ, այլ վրաերթ կատարող վարորդի վերաբերյալ: Ես այդ գործով հանդիսանում եմ որպես վկա»,- նշել էր նա:
 
Այս նյութը դիտել են - 2929 անգամ