Փորձ է արվում Հոկտեմբերի 27-ի գործը «կարել» Ռոբերտ Քոչարյանի վրա
2019-03-22 23:38:00
Հայաստանում նոր փոթորիկ է բարձրանում: Առիթը Վահան Շիրխանյանի` Ռոբերտ Քոչարյանին հղած նամակն է, ուր Շիրխանյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք վերաբերվում են հատկապես 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչությանը: Շիրխանյանը, մասնավորապես, հայտարարում է, որ Նաիրի Հունանյանը հանդիսացել է գաղտնի ծառայությունների գործակալ:
Արձագանքելով Շիրխանյանի պնդումներին այն մասին, որ իբր իրեն, Գագիկ Ջհանգիրյանին և Ռոբերտ Քոչարյանին Գորիկ Հակոբյանը ներկայացրել էր ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի մասին մի թղթապանակ, որը, սակայն, հետագայում անհետացել է՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մարտի 22-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Այո՛, ես տեղեկություններ ունեմ, բայց ո՛չ կհաստատեմ պարոն Շիրխանյանի խոսքերը, ո՛չ կհերքեմ: Գործը վարող մարմին կա՝ Հատուկ քննչական ծառայությունը: Բոլոր հարցերով դիմեք նրանց: Երբ անհրաժեշտություն կլինի, ՀՔԾ-ն կպատասխանի»,-միաժամանակ տեղեկացնելով, որ գլխավոր դատախազը Շիրխանյանի նամակն ուղարկել է ԱԱԾ և ՀՔԾ, կկատարվեն համապատասխան ստուգողական աշխատանքներ: Վանեցյանը միաժամանակ հավաստիացրել է, որ եթե կլինեն փաստեր, որ հիմք կտան վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը կամ հարուցել նոր քրեական գործ, ապա իրենք չեն հապաղի:
Հասկանալու համար, թե ինչ նոր գործընթաց է սկսվում, գերմարդ բնավ պետք չէ լինել:
Արդեն իսկ գրեթե հարյուր տոկոսանոց վստահությամբ կարելի է պնդել, որ այս խաղի վերջնարդյունքում հայ հանրությունն ականատես է դառնալու հերթական խեղկատակության, երբ փորձ է արվելու Հոկտեմբերի 27-ի գործը «կարել» Ռոբերտ Քոչարյանի վրա` նրան հռչակելով` հայոց աշխարհում վերջին երեք տասնամյակներին տեղի ունեցած բոլոր ողբերգությունների նախապատճառ ու հրահրող:
Ակնհայտ է, թե ինչու են Հոկտեմբերի 27-ի գործը Փաշինյանի հեղափոխության որոշ սպասարկուներ մեջտեղ բերել: Պատճառը, թերևս, այն է, որ իշխանությունները, գիտակցելով Մարտի մեկի գործի` իրենց համար փակուղային լինելն ու այն, որ դրանով չեն կարողանալու փակի տակ պահել երկրորդ նախագահին, հիմա էլ բստրել են մի նոր վտանգավոր խաղ` փորձելով Քոչարյանի վրա բարդել 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ու դրա հիմքով շարունակել անազատության մեջ պահել երկրորդ նախագահին:
Վստահաբար, եթե հնարավոր լիներ Մարտի 1-ի գործը հիմնավորել ու ապացուցել Քոչարյանի մեղավորությունն, ապա վահանշիրխանյաններին մեջտեղ չէին բերի ու նամակներ գրել չէին տա:
Շիրխանյանին ակնհայտորեն ինչ-որ մեկն ուղղորդում է, և բոլորովին բարդ չէ կռահել թե հատկապես ով...
Հոկտեմբերի 27-ի գործը հայ հանրության շրջանում մինչև հիմա շարունակում է անպատասխան մնացած հարցեր առաջ բերել և երևակայություն բորբոքել: Ահա այս հանգամանքից էլ փորձում են օգտվել նոր իշխանությունները` ջանալով իրավիճակից հնարավորինս մեծ շահաբաժին կորզել ու «սենսացիաներ» ստեղծելու միջոցով լուծել քաղաքական խնդիրներ:
Ալեքսանդր Գրիգորյան
Այս նյութը դիտել են - 6376 անգամ