Որո՞նք են այն երեք սենյակները, որոնց մասին իր ասուլիսում ակնարկում էր Փաշինյանը.Zham
2019-03-21 00:46:00
«Zham »-ը գրում է.
 Փաշինյանի ասուլիսի ամենա ինտրիգային մասերից էր «երեք սենյակների» արդեն հանելուկ դարձած թեման: Հիշեցնենք, որ իր ասուլիսում, Փաշինյանն ասաց, որ «ինքը գիտի այն երեք սենյակների տեղը, որտեղ իր դեմ խոսակցություններ են գնում»: Իր այդ խոսքերից հետո լրագրողները փորձեցին հետաքրքրվել Փաշինյանից, թե ո՞ւմ նա նկատի ուներ: Սակայն Փաշինյանը հարցը փակեց կատակով, նշելով, որ այդ սենյակները կարող են լինել նաև հինգը, և ինքը այդ թիվն ասել է սիմվոլիկ ձևով:
Շատերի մոտ առաջին տպավորությունն այն էր, որ Փաշինյանն ակնարկում էր նախկին իշխանության ներկայացուցիչներին:Եվ այդ դեպքում ամենահավանական վարկածն այն է, որ սենյակներից մեկը պիտի պատկաներ 2-րդ նախագահին, իսկ մյուսը՝ 3-րդ նախագահին: Սակայն քանի որ պարզվում է նա անուղղակի սենյակներից մեկի հետ շփումներ ունի, ապա հավանական է, որ 3-րդ սենյակը պատկաներ 4-րդ նախագահին:
Եվ հավանական է, որ հենց վերջինս էլ կարող է փորձում է «ջոկերի» դեր խաղալ:
Սակայն կա տեսակետ, որ Փաշինյանը սենյակների թեման բարձրացնելով նկատի ուներ ոչ այնքան նախկին իշխանություններին, որքան իր շրջապատին: Ավելին, ըստ այդ տեսակետի կողմնակիցների, նրա երեկվա ասուլիսը հիմնականում դրա համար էր կազմակերպվել, ցույց տալու համար, որ վարչապետի դիրքերը ամուր են հանրության մեջ, և ոչ մի հնարավոր ներիշխանական դավադրություն իր դիրքերը չի սասանի:
Այս տեսակետի կողմնակիցների կարծիքով այսօր Փաշինյանի շրջապատում ձևավորվում են ուժային երեք կենտրոններ, որոնք փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունը ողջ իշխանության վրա, ինչը նյարդայնացնում է ներկայիս վարչապետին:
Դրանք են՝ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանն ու նրա շրջապատը, փաստացի փոխվարչապետի կարգավիճակ ունեցող Տիգրան Ավինյանն ու նրա թիմը և ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը:
Այս տեսակետի կողմնակիցների կարծիքով Փաշինյանը սկսել է դժվարանալ ինքնուրույն որոշումներ կայացնելու հարցում, և դրա համար էլ իշխանության մեջ մեծանում են կենտրոնախույս գործընթացները: Եվ հենց դա էլ անհանգստացնում է «ժողովրդական վարչապետին», որի արտացոլումն էլ եղավ նրա երեկվա ասուլիսի այս հատվածը:
Սակայն չի բացառվում, որ նրան մտահոգում են ավելի շատ «սենյակներ», քանզի լրացուցիչ պատասխանի ժամանակ նա ակնարկեց, որ իրականում այդ սենյակները, որտեղ խոսում են իր դեմ, կարող են լինել երեքից ավել, ինչը կրկին հուշում է, որ Փաշինյանն իրոք սկսել է զգուշանալ հնարավոր դավադրության զարգացման սցենարներից:
Անշուշտ այսօր այդ սցենարները իրատեսական չեն կարող լինել, քանզի Փաշինյանից հանրության մեջ դեռ սպասում կա: Սակայն նույն բանը չի կարելի պնդել, ասենք, մեկ տարի հետո, քանզի, եթե երկրում էապես մարդկանց կենսամակարդակը չփոխվի, ապա կսկսվի Փաշինյանի վարկանիշի սրընթաց գահավիժումը: եվ այստեղ արդեն դավադրության սցենարները կարող են և իրականություն դառնալ:
Սա է իրականությունը:

 

Այս նյութը դիտել են - 3339 անգամ