Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը դիմել է ՄԻԵԴ
2019-03-18 12:05:00

Pastinfo.am-ը գրում է .

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն արդեն իսկ մուտք է եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանից։

Նրա խոսքով՝ եվրոպական դատարանը գործին ընթացք է տվել եւ գործի վերաբերյալ հարցեր ուղարկել իրենց. «Դրանց պատասխաններն այսօր ուղարկել ենք, եւ կարծում ենք, որ շուտով հարցադրումներ կուղարկվեն նաեւ պետությանը։ Ըստ այդմ՝ կսպասենք համապատասխան որոշմանը»։ Արսեն Մկրտչյանը միաժամանակ չի բացառում, որ ներպետական դատական ատյանները գուցե միջանկյալ արդարացի որոշում կայացնեն։

Պաշտպանական կողմը բազմիցս բարձրաձայնել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցը՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկի պայմանները թույլ չեն տալիս ապահովել նրա պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքը, որի պատճառով նրա առողջական վիճակում նկատվում է վատթարացում։ Մկրտչյանի խոսքով՝ այս պահին եւս  նրա առողջական վիճակը գնահատվում է շատ ծանր։

Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանաը բավարարել էր Մանվել Գրիգորյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Պաշտպանի խոսքով՝ իրենք այս որոշումը կբողոքարկեն, բայց թե երբ, հայտնի չէ, վարույթ ընդունելու մասին որոշումը դեռ չեն ստացել. «Դատավորը, ում որպես կանոն մակագրվում է գործը, մեղադրական կողմի ուղղվածություն ունի, հետեւաբար՝ բնական է, որ բոլոր կալանքները եւ կալանքների երկարաձգումը բավարարել եւ բավարարելու է»։

Այս նյութը դիտել են - 2589 անգամ