Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին (Տեսանյութ) Aysor
2019-02-28 15:20:00
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք՝ ոգեկոչելու Սումգայիթի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակը: Նախագահը ծաղկեպսակ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
«Այսօր համայն հայությամբ հիշում ենք 1988 թվականի փետրվարի 27-28-ի ոճրագործությունները: Ի պատասխան Արցախի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնք իրացնում էին ինքնորոշման իրենց իրավունքը, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում զանգվածային արյունոտ հաշվեհարդար կազմակերպվեց հայերի դեմ:
Ազգային թշնամանքի հողի վրա մեր հարյուրավոր հայրենակիցներ սպանվեցին, մյուսները ենթարկվեցին դաժան բռնությունների ու վայրագությունների, բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրից», - նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով. «Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ահավոր հանցագործությունը խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից, արժանանա ճանաչման ու ճիշտ գնահատականի»:
Հանրապետության նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ հարգանքի տուրք է մատուցել նաև 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս նյութը դիտել են - 11983 անգամ