«Այս խոսակցություններն ես որակում եմ հետապնդում, որն ուղղորդվում է մեկ անձի կողմից». Զարուհի Մեջլումյան. Hayeli
2019-02-06 14:26:00

«Ես շարունակում եմ կատարել իմ աշխատանքային պարտականությունները, աշխատանքից չեմ ազատվել»։ Այս մասին  hayeli.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Մեջլումյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե ինքն ազատման դիմում է գրել։

« Նման բան չկա»,- նշեց նա՝ կարծիք հայտնելով, թե նման լուրերն իր անձի դեմ ուղղված հատուկ նպատակով արված մանիպուլիացիաներ են։ «Այս խոսակցությունները ես որակում եմ հետապնդում, որն ուղղորդվում է մեկ անձի կողմից։ Այն անձի, որի դեմ մենք հաղորդում ենք ներկայացրել։ Ես փաստորեն հետապնդվում եմ իրավունքների իրացման համար։ Ես իմ գործունեության ընթացքում ծանրագույն քրեական գործեր եմ լուսաբանել և երբեք նման հետապնդումների ու ճնշումների չեմ հանդիպել։ Որևէ մեկը, մասնավորապես որևէ կին Հայաստանում երևի նման հետապնդումների և հալածանքների չի ենթարկվել։ Այստեղ իմ ու իմ ամուսնու իրավունքի իրացման խնդիրն է շահարկվում՝ ընտանեկան կյանքի, արդար դատաքննության, կրթության, անձնական իրավունքի,  արժանապատվության հարգման, ներման, ստեղծագործելու ազատության և այլն։ Ստեղծվում է տպավորություն, թե դատապարտյալի կին լինելը հանցագործություն է, ու այդ դեպքում ստացվում է, որ ես էլ հանցակից եմ՝ 23 առաջ տեղի ունեցած հանցագործության համար»,– նշեց տիկին Մեջլումյանը։

Սա, ըստ Մեջլումյանի, այն դեպքն է, երբ իրավական պաշտպանության մեխանիզմներ չկան։ Այսինքն՝ մարդուն կարող են հրապարակավ անվանարկել, թշնամանք և ատելություն սերմանել, պահանջել, որ մարդը զրկվի աշխատանքից, այդ ամենին հակազդման մեխանիզմ չկա»։ Զարուհի Մեջլումյանի խոսոքվ՝ այս երևույթը սկսվել է դեռ 2015 թվականից, երբ «Հետքում» իր լրագրողական հետաքննության արդյունքում ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը ազատվեց՝ ծանր հիվանդության հիմքով․ «Սողոմոն Քոչարյանի ազատումը առաջին նման դեպքն էր մեր իրականության մեջ։ Դրանից հետո ամուսինս՝ Մհերը, թիրախավորվեց, և սկսվեց պարբերաբար նույն անձի կողմից նման գործելաոճը։ Ներման խնդրագիրը առիթ դարձավ, որ նոր ալիք բարձրացվի դարձյալ նույն անձի կողմից։ Սա մի անհասկանալի վիճակ է, որովհետև դատապարտված մարդուն մեղադրում են ընտանիք ունենալու, սիրելու, կրթություն ստանալու, ստեղծագործելու, արդար քննության և այլ իրավունքների իրացման համար։ Հայաստանում մինչև վերջերս մոտ 4000 դատապարյալ կար, նրանց հարազատները, ընտանիքի անդամները որևէ տեղ չե՞ն աշխատում։ Ինչո՞ւ է այս մոտեցումը ցուցաբերվում կոնկրետ դատապարտյալի՝ Մհերի հանդեպ։ Մնացած այլ դատապարտվածների դեպքերում նման հետևողական հալածանք չկա, գոնե հրապարակավ չկա։ Ի վերջո կան բազմաթիվ ներման դեպքեր, ինչո՞ւ հանրությունը նրանց մասին ոչինչ չի իմանում»,- նշեց Զարուհի Մեջլումյանը։

Հիշեցնենք, որ վերջերս հրապարակային քննարկման թեմա էր դարձել Զարուհի Մեջլումյանի ամուսնու՝ 23 տարի առաջ ցմահ բանտարկության դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը, որը, ինչպես պարզվեց, վարչապետի և նախագահի կողմից մերժվել է։

Նշենք, որ Զարուհի Մեջլումյանը 20 տարվա փորձ ունեցող լրագրող է, այժմ նաև` իրավաբան ու փաստաբան։ Նա արժանացել է բազմաթիվ հեղինակավոր լրագրողական մրցանակների /Free media միջազգային մրցանակ-2017թ․, Media գերազանցություն 2015 թ․ և այլն/։ Զարուհի Մեջլումյանը պետական վերահսկողական ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի  պետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի օգոստոսից։

Hayeli.am

Այս նյութը դիտել են - 2872 անգամ