Արայիկ Հարությունյանը դպրոցում վիրավորել է Հայ Առաքելական եկեղեցու քահանաներից մեկին
2019-01-27 22:46:00
Վերջերս ԿԳ նախարարը այցելել էր Արարատի մարզի Այգեստան համայնք: Իհարկե սա կարելի էր համարել նախարարի հերթական պլանավորած կամ անսպասելի այցը մարզային ու համայնքային դպրոց, բայց սա հատկապես ուշագրավ է նրանով, որ դպրոցում տեղի է ունեցել տհաճ միջադեպ:
Նախարարի այցելության ժամանակ պատահաբար դպրոց է այցելել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու քահանաներից մեկը, ում նկատմամբ Արայիկ Հարությունյանը դրսեւորել է մեղմ ասած ոչ հարիր կեցվածք՝ ասելով քահանային թե դու այստեղ ինչ ես անում եւ ներքաշվել անպտուղ բանավեճի մեջ՝ վկայակոչելով ինչ որ օրենքներ:
Այս փոքր դեպքը իրականում լուրջ վտանգ է իրենից ներկայացնում, որովհետեւ խոսքը ոչ թե միջադեպի, այլև քաղաքակրթական ու արժեհամակակարգային խնդրի մասին է:
Չեմ կարծում թե կգտնվի մեկը, ով չի գիտակցում հայոց դպրության նշանակությունը եւ կրթության տաճարում հայ հոգեւորականի առանձնահատուկ դերը: Ավելորդ է նույնիսկ հիշեցնել նախարարին, որ Մեսրոպ Մաշտոցը, ով հայոց գրերի գյուտի հեղինակն է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու քահանա է եղել, իսկ Գրիգոր Նարեկացու, հակոբ Մեղապարտի, Գրիգոր Տաթեւացու, Մխիթար Գոշի, Ներսես Շնորհալու, Անանիա Շիրակացու եւ մեր մյուս նշանավոր հոգեւոր հայրերի, անվանի գրողների ու պատմահայրերի ծագումնաբանությունն ու կրթությունը չեմ էլ ցանկանում հիշատակել, դրա մասին լավ կանի կարդա, ուսումնասիրի ինքը՝ հայոց պետության կրթության նախարարը:
Անհասկանալի է նաեւ նախարարի այն հայտարարությունը, թե ինքը Հայոց եկեղեցու զավակ է, եթե այդպես է, ապա ի՞նչ խնդիր կա, որ հայ քահանան այցելի դպրոց եւ օրհնի մեր երեխաներին, մեր մատաղ սերնդին:
Կոչ եմ անում Արայիկ Հարությունյանին ներողություն խնդրել այդ քահանայից և ընդհանրապես հոգևորականներից, եւ այս միջադեպը շատ արագ հարթել, քանի որ այսպիսի դեպքերը հարիր չեն ոչ միայն կրթության նախարարին, այլ նաեւ մեզ՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ազգին: Ի վերջո, մեր հոգեւոր հայրերն են, որ այս դժվարին ու խառը ժամանակներում մեզանում եւ հատկապես երիտասարդության շրջանում վառ են պահում ազգային,ավանդական արժեհամակարգը եւ քրիստոնեական առաքինությունը:
Այս նյութը դիտել են - 2582 անգամ