Հայկ Ալումյան. «Գործադիր իշխանության կողմից պատվեր կա, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ»
2019-01-15 11:28:00
Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշել է․
«Կալանավորումը պետք է կիրառվի այն ժամանակ, երբ առկա են կալանավորման հիմքերը և պայմանները: Երբ խոսքը գնում է Ռոբերտ Քոչարյանի մասին, դատարանների վրա շատ ավելի մեծ ճնշում կա։ Մեծ պատվեր կա, որ պարոն Քոչարյանը գտնվի կալանքի տակ»,- ասաց նա՝ նկատելով, որ պատվերը ներկայիս գործադիր իշխանության կողմից է:
Հայկ Ալումյանը նաև նշեց, որ ստանդարտ պատճառաբանություններ են բերվում առ այն, որ կալանավորման պայմանները չեն փոխվում, քանի որ Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ գտնվելով, իբրև կխոչընդոտի քննությանը կամ կարող է թաքնվել քննությունից:
«Դատարանն այսպիսի հարց ուղղեց, թե արդյոք պարոն Քոչարյանը փորձե՞լ է քննությանը խոչընդոտել: Քննիչը պատասխանեց, որ չէ, չի փորձել խոչընդոտել քննությանը: Հետո շարունակեց և ասաց, որ գիտեր, որ խոչընդոտելու դեպքում դա կարող էր կալանավորման պատճառ հանդիսանալ»,- նշեց պաշտպանը։
Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյան էլ իր հերթին լրագրողներին հայտնեց, որ այսօրվա դատական նիստում քննիչը ներկայացրել է իր միջնորդությունը, դատարանը հարցեր տվեց քննիչին, դատաախազներին, պաշտպաններն իրենց առարկություններն են հայտնել։
Հարցին՝ ինքն անձամբ միակարծի՞ք է քննիչի միջնորդության հիմքերին, նա դրական պատասխան տվեց, սակայն, թե որոնք են հիմքերը, ասաց, որ հայտնել չի կարող։
Այս նյութը դիտել են - 2203 անգամ