Արարատ Միրզոյանը բարձրաձայնում է երեխաների որդեգրման և օրգանների հնարավոր վաճառքի վտանգների մասին Civilnet
2019-01-10 00:46:00

Կառավարության հունվարի 10-ի նիստին արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց երեխաների որդեգրման նախագիծ։ Փաստաթուղթը բուռն քննարկման առարկա դարձավ նիստին։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ որդեգրման հարցում խոսքը միայն կոռուպցիայի վտանգի մասին չէ, կան ավելի մեծ վտանգներ․

«Մենք այստեղ գործ ունենք մաֆիայի հետ։ Գումարները, որի մասին խոսում են, որոնք սկսվում են ծննդատնից ու շարունակվում, միայն այսբերգի գագաթն է, շատ ավելի ցավալի իրավիճակ ունենք, մասնավորապես երեխաների օրգանների վաճառքի, այդ թվում՝ արտասահման որդեգրվող երեխաների։ Մենք արդարադատության նախարարության հետ ենք խոսել, այց է կատարվել ստուգելու, մինչ այս կատարված փաստաթղթային ստուգումները բավարար են, այն առումով, որ ոչ մի վատ բան չի կատարավել, բայց շարունակաբար աշխատում ենք։ Կասկածներ կան, որ երեք ուղղությամբ են երեխաներ որդեգրվում արտասահման, և այդ երկրները բավականին հայտնի են նաև այդ վատ առումով»։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե կան արդյոք հստակ փաստեր։ Միրզոյանը արձագանքեց, որ դա տարածված երևույթ է ողջ աշխարհում. «Խոսքը հետևյալի մասին է, երբեմն որոշ կեղծ կամ ոչ կեղծ մարդիկ որդեգրում են տարբեր երկրներից երեխաներ, և հետագայում այդ երեխաները կարող է զրկվեն իրենց մի երիկամից և այլն։ Այսպիսի բաներ կան, մենք միակ երկիրը չենք»։

Փաշինյանն արձագանքեց. «Դա շատ զգայուն թեմա է, այս ընթացքում ճնշումս բարձրացավ մի քիչ»։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ այս ոլորտում լրջագույն վերահսկողության կարիք ունեն։

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանի մատնանշած խնդրի վերաբերյալ երբևէ տեղեկատվություն չեն ստացել։

«Այդ գործընթացը գտնվում է մեր վերահսկողության ներքո և մինչ օրս նման դեպք չի եղել, որ երեխա որդեգրեն ու օրգանները օգտագործեն։ Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ այդ գործընթացը գտնվում է խիստ վերահսկողության ներքո»,- ասաց ԱԱԾ տնօրենը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս տեղեկացրեց, որ նման քրեական գործեր չեն ստացել։

Civilnet.am

Այս նյութը դիտել են - 3379 անգամ