Նորաթուխ իշխանիկների «կայֆերի» ֆոնին. կյանքը Հայաստանում անտանելի կդառնա
2019-01-08 21:28:00
2019-ն այլևս լիարժեքորեն մտել է իր իրավունքների մեջ ու ժամանակն է հասկանալ, թե ինչ պետք է ակնկալել ընթացիկ տարում:
Իսկ ակնկալիքները, պետք է խոստովանել, այնքան էլ լուսավոր չեն. բացի անվտանգային հարցերից՝ կապված արցախյան խնդրի հետ, հետզհետե շարքային հայաստանցու առաջ միս ու արյուն է ստանում մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդիր:
2019-ին Հայաստանում կյանքը սպառնում է վերածվել դժոխքի, որի պատճառն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցի ակնհայտ տապալումն է, իսկ ավելի ճիշտ՝ հայ-ռուսական հարաբերությունների՝ շատերի համար անհասկանալի դարձած բնույթը:
Փաշինյանին այդպես էլ չի հաջողվել համոզել Պուտինին՝ Հայաստանի նկատմամբ ցուցաբերել բացառիկ վերաբերմունք. «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ազգաբնակչությանն ավետել էր գազի գնի 15 դոլարով թանկացման մասին՝ միևնույն ժամանակ, սակայն, վստահեցնելով, որ այդ թանկացումը շարքային սպառողի վրա բացասաբար չի անդրադառնալու:
Թե ինչու Փաշինյանին այդպես էլ չի հաջողվել Պուտինին համոզել գազի գինն անփոփոխ թողնել, թերևս, վերլուծության մի առանձին, խորքային թեմա է, սակայն այս իրավիճակում ամենաէականը, թերևս, այն է,թե ինչ իրական հետևանքների կարող է հանգեցնել Փաշինյանի անբաշարության հետևանք դարձող գազի գնի թանկացումը:
Միանշանակ է, որ վաղ թե ուշ այն հանգեցնելու է գնաճի: հատկապես Հայաստանի ներսում արտադրված ապրանքների մասով, ինչի արդյունքում նվազելու է ոչ միայն այդ ապրանքների պահանջարկը բուն Հայաստանում, այլև էականորեն տուժելու է դրանց մրցունակությունն արտաքին շուկաներում: Իսկ հաշվի առնելով այն, որ հայաստանյան ապրանքներն, իրենց որակով պայմանավորված, առանց այն էլ մրցունակության խնդիր ունեն արտաքին աշխարհում, դժվար չէ կռահել, թե ինչ բացասական ազդեցություն կունենա դրանց ինքնարժեքի թանկացումը արտաքին սպառման վրա՝ տնտեսության համար դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով:
Մյուս կողմից պետք չէ մոռանալ ԵԱՏՄ-ում մաքսադրույքների հարցով պայմավորված սպասվող թանկացումները նույնպես, որոնք գլխավորապես ազդելու են հիմնականում Հայաստան ներկրվող ապրանքների գների վրա. Մասնագետները խոսում են 20-25% կազմող թանկացումների մասին, որոնցից անհնար է լինելու խուսափել:
Այսինքն՝ մի կողմից գազի գնի բարձրացման արդյունքում թանկանում է երկրի ներսում արտադրվող ապրանքների գները՝ փաստի առաջ կանգնեցնելով առանց այն էլ փակուղոմ գտնվող ներքին արտադրողին, մյուս կողմից՝ ԵԱՏՄ դրյույքաչափերի հարցով պայմանավորված՝ կթանկանան նաև ներկրվող ապրանքների գները՝ ստեղծելով փակ շղթա ու հանգեցնելով աղքատության է՛լ ավելի խորացման:
Մինչդեռ այս սպառնալիքների ֆոնին ՔՊ-ականները շարունակում են տժժալ ռեստորաններում, հնդկական պարել ու լիաթոք «կայֆավատ» լինել, իսկ Արարատ Միրզոյանն էլ՝ բյուջեի հաշվին պլանավորում «Մայբախ» գնել, Ալեն Սիմոնյանն էլ ճոխ փարթիներ անել ու ծնունդ նշել՝ սեփական մաշկի վրա զգալով իշխանավոր լինելու «կայֆը», որի հետ, ասում են, անգամ մարիխուանայից ստացած հաճույքն է զրոյանում:
Եվ ինչպե՞ս է Փաշինյանի կառավարությունը լուծելու 2019-ի գլխավոր մարտահրավերները, հենց այսպե՞ս, տժժալո՞վ…
Այս նյութը դիտել են - 2032 անգամ