Ծնունդդ շնորհավո՛ր, USArmenianews.com. Մենք դարձանք 3 տարեկան
2018-12-01 21:22:00
 Արդեն 3 տարի է, ինչ USArmenianews.com-ը իր գործունեությունն է ծավալում լրատվական դաշտում: Չնայած իր համեստ հնարավորություններին ու գոյության, համեմատաբար կարճ ժամանակահատվածին` կայքը հասցրել է իր ուրույն տեղը գրավել լրատվական դաշտում՝ վայելելով ընթերցողների մեծ բանակին: 
Կայքը  լրատվական-վերլուծական ռեսուրս հանդիսանալուն զուգահեռ, ըստ էության, ազատ հարթակ է, ուր իրենց օբյեկտիվ խոսքն ընթերցողին ներկայացնելու հնարավորություն ունեն բոլորը, այն բաց է համագործակցել ցանկացող անհատների համար՝ կարևորագույն սկզբունք հռչակելով խոսքի ազատությունն ու անաչառությունը, անկաշառ գործունեությունը, և սա այն դեպքում, երբ, ինչպես հայտնի է, այս ընթացքում կայքը բազմաթիվ անգամներ հայտնվել է որոշների թիրախում, ովքեր, լռեցնելու համար ճշմարտության ձայնը, հաճախ, ամեն գնով, փորձել են լռեցնել ազատ խոսքն ու իրականությունը խեղաթյուրել:
Կայքը, սակայն, չնայած կրած հալածանքներին, այսօր էլ շարունակում է պայքարել արդարության հաղթանակի, օբյեկտիվ, անկաշառ խոսքի հարթակ լինելու համար: Լավին՝ լավ, վատին՝ վատ սկզբունքն է, որ այս տարիների ընթացքում մշտապես ընկած է եղել ու շարունակելու է մնալ կայքի գործունեության հիմքում:
Անշո՛ւշտ, այսօր, թերևս, հնարավոր չէր լինի խոսել կայքի անձեռնմխելի հեղինակության մասին, եթե չլինեին նրանք, ովքեր այս ընթացքում իրենց գործուն մասնակցությունն են բերել կոնտենտի ստեղծման գործում:
Այս իմաստով հատկապես կարևոր ենք համարում ընդգծել բազմավաստակ մանկավարժ տիկին Նատաշա Պողոսյանի՝ «Մանկավարժի անկյուն» խորագրի անփոխարինելի հեղինակի բացառիկ դերը բովանդակության կերտման կարևոր գործում:
Տիկին Նատաշա Պողոսյանի շնորհիվ է, որ կայքը ռեալիզացնում ու անքակտելի է դարձնում հատկապես Սփյուռք-Հայաստան-Արցախ կապը` հնարավորություն տալով, դիցուք, Արցախի՝ Մարտակերտի շրջանի Վլադիմիր Բալայանի անվան դպրոցի աշակերտներին ու ողջ ուսուցչական կազմին իրենց լուման ունենալու այս ամենում: Նրանք այսօր հնարավորություն ունեն՝ իրենց անաղարտ խոսքն ուղղելու կայքի ընթերցողներին, ստեղծագործելու, անտեսված չմնալու, ինչն, անկասկած, չափազանց կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով Արցախի՝ փաստացի պատերազմական վիճակում գտնվելու հանգամանքը:
Ի դեպ՝ պետք է նշենք, որ Նատաշա Պողոսյանի հեղինակային արդեն երրորդ գիրքն է, որ այս ընթացքում լույս է տեսնում «Մանկավարժի անկյուն» խորագրի ներքո, ուր մեկտեղվել են աշակերտների, ուսուցչական կազմի հեղինակած նյութերը՝ հրապարակված կայքում, և կասկած չկա, որ այդ ամենն ապագայում ևս շարունակական է լինելու:
Մեկ բան հստակ է՝ USArmenianews.com-ն երբեք չի հրաժարվելու ու մշտապես հավատարիմ է լինելու իր որդեգրած մարդակենտրոն քաղաքականությանը:
Կայքը, որ որևիցե շահադիտական նպատակներ չի հետապնդում, մշտապես եղել ու մնալու է օբյեկտիվ իրականության հայելին՝ անկախ այն հանգամանքից՝ դա դուր կգա՞ ոմանց, թե՞ ոչ, անկախ նրանից, թե ով ինչ սուբյեկտիվ վերաբերմունք ունի ճշմարտության ու այդ ճշմարտւթյունը հանրայնացնելուն ուղղված մեր գործելաոճի նկատմամբ:
USArmenianews.com-ի գլխավոր պայքարը մեկ բանում է կայանում՝ իրականության աղավաղման կանխարգելումը, այն խեղաթյուրել ցանկացողներին ընդդիմանալն ու դիմակների պատռումը:
Ծնունդդ շնորհավո՛ր, USArmenianews.com
Այս նյութը դիտել են - 17548 անգամ