Փաշինյանը դեկտեմբերի 6-ին լինելու Սանկտ Պետերբուրգում․ մամուլի խոսնակը հաստատում է.Alternativ
2018-12-01 01:28:00
Հայաստանի վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Արա Եղոյանը՝ անդրադառնալով «Ժամանակ» թերթի հրապարակմանը, որտեղ ասվում է․ «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ նիստին, նրան փոխարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: 
Փաշինյանի բացակայությունը պատճառաբանվելու է նրա արձակուրդում գտնվելով և Հայաստանի նախընտրական վիճակով»:
«Ի՞նչ է սա: Ու՞ր է այս «տեղեկատվության» հղումը, աղբյուրը: Լավ, հղումը մի կողմ, ինչ դժվա՞ր էր «Փաշինյանի բացակայությունը պատճառաբանվելու է նրա արձակուրդում գտնվելով» նախադասությունը գրելուց առաջ մտնել կառավարության e-gov կայքէջի «վարչապետի որոշումներ» բաժին և տեսնել, որ վարչապետի արձակուրդը տևելու է մինչև դեկտեմբերի 5-ը կամ եթե դա դժվար է՝ ուղղակի զանգահարել ինձ: Կային ժամանակներ, երբ նման «տեղեկություններ» տարածելու համար գոնե հարցական նշաններ էին օգտագործվում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին։», - գրել է Եղոյանը։
Խոսնակն այնքան ցավագին է տարել թերթի հրապարակումն, որ իր գրառման մեջ չի նշել հենց այն կազմակերպության նիստը, որի մասին էլ գնում էր խոսքը։
Այս նյութը դիտել են - 2800 անգամ