ՌԵԺԻՄԸ ՄՆԱՑԵԼ Է ԼՈԿ ՄԱՆՎԵԼԻ ՀԱՄԱՐ Hraparak
2018-11-15 00:47:00
Նախորդ օրը վերաքննիչ դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի փաստաբանների դիմումը՝ չեղյալ համարել առաջին ատյանի կայացրած՝ կալանքը երկու ամսով երկարացնելու որոշումը։ 
Ի՞նչ պատճառաբանությամբ՝ հարցրինք Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին։ «Գրավոր որոշումը դեռ չենք ստացել, բայց կարծում եմ՝ պատճառը դատավորների քմահաճույքն է, որեւէ այլ իրավական հիմնավորում չկա, այդ թվում եւ՝ դատախազի առարկությունների մեջ»։ Տեսակետ կա, որ պատճառները քաղաքական են։ «Ավելի շատ անձնական են, քանի որ նշված երկու դատավորներն էլ անտիպատիա ունեն բանակի, «Երկրապահի», բանակում ծառայողների նկատմամբ․ դա իմ կարծիքն է, եւ նաեւ՝ նրանց տրված հանձնարարության»։ Ո՞ւմ կողմից։ «Չեմ կարող ասել, բայց համոզված եմ, որ դա դատական իշխանությունը չէ»։ Ուրեմն քաղաքական է։ «Ո՛չ, պնդում եմ՝ քաղաքական չէ, այլ անձնական է»։ Իսկ Մանվելի առողջական վիճակն ինչպե՞ս է։ «Շատ ծանր հիվանդ է, նա ունի 16 հիվանդություն»։
Ի՞նչ է սպասվում՝ ըստ Ձեզ։ «Սադիզմի շարունակություն, նրա նկատմամբ ցինիզմ ու սադիզմ է իրականացվում, եւ ոչ մի միտում չկա, որ այդ սադիզմը կվերացվի»։ Իսկ չե՞ք պատրաստվում այս հարցով դիմել իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին՝ բաց նամակով, կոչով։ «Անձամբ ես չեմ պատրաստվում, որովհետեւ գտնում եմ, որ դա ճիշտ չէ, որովհետեւ անցել են այդ ժամանակները, նախկինում կար ռեժիմ, հիմա ռեժիմ չկա, ռեժիմը մնացել է լոկ Մանվել Գրիգորյանի համար»։
hraparak.am
Այս նյութը դիտել են - 3058 անգամ