Երրորդ փուլը ո՞րն է, փող տալո՞ւ փուլը. Hayeli
2018-11-10 23:01:00

Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը գնալով ավելի ու ավելի շատ է դժգոհությունների տեղիք տալիս: Տեղերում Փաշինյանի նորահայտ կադրերին բացահայտ կերպով մերժում են՝ արտահայտելով իրենց դժգոհությունը: 

Նման մի դեպք տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին. Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Երանոս գյուղի բնակիչները փակել են մարզպետ Գնել Սանոսյանի ճանապարհը և թույլ չեն տվել մտնել գյուղ: Երանոսցիները մեքենաներով գյուղ մտնող հիմնական ճանապարհը փակել են և բացատրություն պահանջել մարզպետից, թե ինչու է անարդար անցել Մարտունու քաղաքային հիվանդանոցի տնօրենի մրցույթը:

Բանն այն է, որ մրցույթում երանոսցիների պնդմամբ՝ հաղթող ճանաչված միակ թեկնածուն իրենց համագյուղացի բժիշկ-վիրաբույժ Վիգեն Խաչատրյանն է եղել: Մրցույթին մասնակցել է 6 թեկնածու, որոնցից 5-ը, սակայն, գրավոր՝ թեստային, և բանավոր՝ հարցազրույցի փուլերում, կտրվել են՝ բավարար միավորներ չհավաքելու պատճառով:

Վիգեն Խաչատրյանը հաղթահարել է մրցույթի և բանավոր և գրավոր փուլը: Ըստ գործող կարգի՝ քննությունը հաղթահարած թեկնածուն պետք է ներկայացներ նաև զարգացման ծրագիր, որը գնահատում է մարզպետի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը: Եվ չնայած Վիգեն Խաչատրյանը եղել է միակ հաղթող թեկնածուն, հանձնաժողովը նրա ներկայացրած զարգացման ծրագիրը հավանության չի արժանացրել և հանձնաժողովի 7 անդամներից 6-ը դեմ են քվեարկել նրան: Արդյունքում Մարտունու հիվանդանոցի տնօրենի թափուր տեղի մրցույթում որևէ մեկը հաղթող չի ճանաչվել: Բուժկենտրոնն այս պահին ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատարը, ով նույնպես մասնակցել է մրցույթին, սակայն քննության բանավոր փուլը չի հաղթահարել: Երանոսցիները համոզված են, որ իրենց համագյուղացին, ով հաղթահարել է քննական գրավոր և բանավոր փուլերը և եղել է միակ թեկնածուն, միանգամայն արժանի էր դառնալ հիվանդանոցի տնօրեն:

Մարզպետարանի հանձնաժողովը, որի կազմում, նրանց պնդմամբ, որևէ բժիշկ-մասնագետ  չի եղել, միտումնավոր դեմ է քվեարկել: Այս ամենը բորբոքել է երանոսցիների կրքերը, և նրանք իմանալով, որ մարզպետը որոշել է այցելել իրենց համայնք, գյուղովի հավաքվել և փակել են ճանապարհը: Մարզպետ Գնել Սանոսյանը ճանապարհը փակողներին փորձում էր բացատրել, որ մրցույթի ժամանակ որևէ կարգ չի խախտվել. «Մրցույթը անցկացվում է երեք փուլով, Վիգեն Խաչատրյանը հաղթահարել է առաջին երկու փուլերը, սակայն երրորդ փուլը չի հաղթահարել»,- բացատրել է նա: «Երրորդ փուլը ո՞րն է, փող տա՞լը, դրա համար  էլ երևի չի՞ հաղթահարել: Էդ երրորդ փուլի անունը դոլար դրեք»,- մարզպետին հակադարձել է ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը: «Ինչո՞ւ է հանձնաժողովի նիստի ընթացքում Ձեր օգնականը երկու անգամ մտել սենյակ ու ինչ-որ բան փսփսացել հանձնաժողովի անդամների ականջին»,- մարզպետին վրա է տվել մեկ այլ երանոսցի:

«Էդ հանձնաժողովի մեջ ոչ մի բժիշկ չի եղել, ընդամենը մի հատ անասնաբույժ է եղել: Դրանք ո՞նց են որոշել, որ վատ ծրագիր է: Փաստորոն ոչ մի բան էլ չի փոխվել, հեղափոխությունը սուտ բան էր, էլի առաջվա պես ծանոթ- բարեկամ են անում»,- ասել է մեկ այլ ճանապարհ փակող: Ինչևէ, մոտ երկու ժամ տևած բանակցություններից հետո, երանոսցիները թույլ են տվել մարզպետին մտնել գյուղ՝ պայմանով, որ նա դրական լուծում կտա իրենց բարձրացրած  հարցին և վերադառնալիս այդ մասին անձամբ տեղյակ կպահի հավաքված մարդկանց: Սակայն մարզպետը գաղտագողի հեռացել է Երանոս-Վարդաձոր միջհամայնքային ճանապարհով և վերադարձել է ոչ թե մարզկենտրոն՝ Գավառ, այլ դեպի Մարտունի: Երանոսցիները, սակայն, մարտական են տրամադրված և սպասելու են մինչև երկուշաբթի, եթե որևէ նոր քայլ չձեռնարկվի, նրանք մտադիր են շարունակել բողոքի ակցիաները այնքան ժամանակ, մինչև որ հարցը կհասնի Նիկոլ Փաշինյանին:

Hayeli.am 

Այս նյութը դիտել են - 3240 անգամ