Ի՞նչ է, միայն «Գրիգոր Լուսավորիչ»-ում են կոռուպցիոն դրսևորումներ եղել, մյուս բոլոր հիվանդանոցների տնօրեններն ու աշխատակիցները երկնքի՞ց էին իջել…
2018-11-08 10:55:00
Արտահերթ ընտրություններին ընդառաջ հեղափոխական ձևացող իշխանությունը շարունակում է մանիպուլյատիվ մեթոդներով հասարակության վրա տպավորություն թողնելու քաղաքականություն վարել:
Ինչպես պարզ է դառնում ՀՀ Քննչական կոմիտեի տարածած տեղեկությունից, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ևս երկու աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել՝ հիվանդանոցի պետպատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության նախկին ղեկավարին ու մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով նախկին տեղակալին: 
Այսպիսով՝ այս քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը հասել է երեքի: Գլխավոր մեղադրյալը հիվանդանոցի նախկին տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանն է, ում նկատմամբ, ինչպես հայտնի է, հայտարարված է հետախուզում։
Անհերքելի է, որ սույն գործում ևս երկու անձանց ներքաշելու բուն իմաստը մեկն է:
Նիկոլ Փաշինյանն ու նրա ձեռքին քաղաքական գործիքի վերածված ուժայինները փորձում են հնարավորինս լրջություն հաղորդել այն գործերին, որոնց հարուցման հիմնական դրդապատճառը քաղաքական է՝ ջանալով տպավորություն ստեղծել, թե պրոցեսն իբր զուտ իրավական է, և որևիցե քաղաքական քողարկված հալածանքի մասին խոսք անգամ լինել չի կարող:
Իհարկե, վերոհիշյալ անձնանց մեղավորության աստիճանը դեռ պետք է պարզի համապատասխան մարմինը (եթե, իհարկե, խնդիրը դիտարկենք զուտ իրավական տեսանկյունից), սակայն ակներև է, որ իշխանություների նման գործելաոճը չի կարող անաչառ դիտարկվել հենց միայն սույն հիվանդանոցի հանդեպ դրսևորած ընդգծված վերաբերմունքի պատճառով:
Ի՞նչ է, վերջին երեք տասնամյակների ընթացքում միայն «Գրիգոր Լուսավորիչ»-ում են կոռուպցիոն դրսևորումներ եղել, ի՞նչ է, մյուս բոլոր հիվանդանոցների տնօրեններն ու աշխատակիցները երկնքի՞ց էին իջել…
Եթե խնդիր է դրված մաքրել առողջապահության ոլորտն, ապա պետք է մանրադիտակի տակ առնվեն նաև մյուս բոլոր բուժկենտրոնները, որ իշխանական պրոպագանդան գոնե միամիտներին մի փոքր համոզիչ թվա, թե չէ մի տեսակ արհեստականության, շինծույության անհամոզիչ հոտ է այս ամենից փչում:
Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ է, որ ձերբակալությունները չեն կարող հարցի լուծում դառնալ որևիցե պարագայոմ: Բանն այն է, որ եթե մանրադիտակի տակ առնվեն Հայաստանի բոլոր ոլորտներն ու մարդկային գործունեության բոլոր բնագավառներն, իսկ իշխանությունները հայտարարում են մասսայկան լյուստրացիա անցկացնելու պատրաստակամության մասին, ապա կարող է պարզվել, որ վերջին երեսուն տարիներին ՀՀ քաղաքացիների գրեթե հարյուր տոկոսը հանցագործ է:
Մարդիկ ապրել ու աշխատել են այն խաղի կանոններով, որոնք հաստատված են եղել երկրում վերջին տասնամյակների ընթացքում՝ անկախ այն բանից, թե ով որ ոլորտում է գործունեություն ծավալել:
Մինչդեռ հարկավոր էր գիծ քաշել ու նոր, մաքուր էջից սկսել կառավարել՝ չտրվելով ազգի կեսին կալանավորելու գայթակղությանը՝ համապատասխան տոկոս խփելու ու երկիրը սեփականալու ճանապարհին…
Գայանե Մանուկյան
 
Այս նյութը դիտել են - 3185 անգամ