Էս ատելության մթնոլորտը շարունակվելու է այնքան, մինչև ժողովուրդն ասի՝ հասկացանք՝ ասֆալտին փռեցիք, բա հետո՞… Ռուբիկ Հակոբյան (video)
2018-11-07 22:54:00

«Ազատ միտք և ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արտահերթ ընտրությունների ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքի վրա» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ ընտրությունների անցկացման ժամկետներին և ընտրությունների անցկացման ձևաչափին․

«Ասում են՝ այս ընտրությունները չեն կեղծվելու։ Ի՞նչ ասել է՝ ընտրություններ կեղծել։ Արդյոք ընտրություններ կեղծելը միայն նշանակում է կաշառել, նկուղներում ծեծել ու լցոնել։ Դա մի մասն է։ Իսկ ո՞վ է ասում, որ ժամկետ ու պայման խախտելը, ընտրակեղծարարություն չէ։ Ո՞վ է ասում, որ եթե սկզբում հայտարարում ես մայիս, հետո փոխում ժամկետը, այսինքն խաղի կանոն ես փոխում, դա միտված չէ ընտրությունների իրական արդյունքները կեղծելուն։ Իսկ ո՞վ է ասում, որ վարչական ռեսուրսի կենտրոնացումը մեկ անձի ձեռքում, չի նշանակում նախապատրաստվել կեղծել ընտրությունը։ Այո կաշառք ու լցոնումներ չեն լինելու, սակայն կեղծելու հնարավորություն տեսնում եմ հենց այս վարչական ռեսուրսների կուտակման, քաղաքական դաշտն ամբողջությամբ լուծարելու և ընտրական պրոցեսների կազմակերպումը բաժանելու ընդամենը երեք ամսվա կենսագրություն ունեցող կուսակցության գրասենյակների միջև»։

ԱԺ նախկին պատգամավորի դիտարկմամբ՝ հեղափոխական էյֆորիան այս ընտրությունների արդյունքում դառնալու է խմբակցություն Ազգային Ժողովում, որը ծրագրային լուրջ քաղաքական ուժի չի վերածվելու․ «Հեղափոխական էյֆորիային հակացուցված է բանական խոսքն ու միտքը, նա ջախջախում, սպանում է որևէ բանական միտք, եթե փորձում ես գնալ զրույցի, քննարկել ինչ-որ բան։Այս ընտրություններում, ցավոք, հաղթելու է մթնոլորտը»։

Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ նաև Հայաստանի կողմից տարվող ներկա արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ եթե ներքին քաղաքական սխալները հնարավոր է որևէ կերպ ուղղել, ապա արտաքին քաղաքականության սխալները ճակատագրական կարող են դառնալ։ «Այսօր մենք կորցրել ենք մեր բարեկամներին, փոխարենը՝ չենք շահել գոնե չոզոք մի պետության համակրանք։ Ուժեղի մոտ հնարավոր չէ աչք-ունքով խոսել․ նրանք իրավունքի ուժով չեն առաջնորդվում, այլ ուժի իրավունքով։ Գերտերություններն այսօր «կամ-կամ»-ի առջև են կանգնեցրել մեզ, նրանք մերժել են «և՛-և՛»-ի հնարավորությունը։ Այս առումով մեր երկրի վիճակը խիստ ծանր է»,- պարզաբանեց Աժ նախկին պատգամավորը՝ հեգնանքով նկատելով, որ արտաքին քաղաքականության ոլորտում մեր ԱԳ նախարարը միայն հասցնում է խմբագրել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Մանրամասները՝ տեսանյութում.

Այս նյութը դիտել են - 3382 անգամ