Ալեն Սիմոնյան, պատվախնդիր, ավանդապահ և բարոյական ժողովրդի պահանջով ձեր հեռացումն էլ է լինելու ժամանակի խնդիր. Տեր Եփրեմ Հարությունյան
2018-11-02 00:59:00
Պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանում մարիխուանայի օրինականացմանը վերաբերող «Politik.am»-ին տրված հարցազրույցը խայտառակություն է ու մեծագույն ամոթ։ 
Եթե Ազգային Ժողովի պատգամավորը կարծում է, որ դա խնդիր չէ մեր հայ իրականության համար, եթե իր կարճ տրամաբանությամբ թմրանյութերի օգտագործման արատավոր երևույթը ստվերից հանելով ու օրինական դաշտ բերելով է, որ պետք է պետական բյուջեն լցվի ու շահույթ ապահովի, ապա ես և վստահ եմ բյուր բյուրավոր ավանդապահ, բարոյապես մտահոգ հայ եղբայրներ ու քույրեր չենք ընդունում նման պատգամավորի գոյությունն ու գաղափարները մեր Սուրբ Հողի վրա։ 
Պարոն Սիմոնյան, եթե ձեզ թվում է, որ ձեր՝ նոր իշխանությունների կողմից հայ իրականություն ներմուծվող ազգակործան, ազգադավ որոշումները կկարողանաք կյանքի կոչել և ինչպես դուք եք ասել թե՝ «մարիխուանայի օգտագործման օրինականացումը Հայաստանում ժամանակի խնդիր է», ապա չարաչար սխալվում եք։
Եթե մեր ազգին հուզող այսպիսի անօրեն որոշումների ներմուծումը մեր կյանք շարունակվի, ապա հավատացած եղեք, որ մեր պատվախնդիր, ավանդապահ և բարոյական ժողովրդի պահանջով ձեր հեռացումն էլ է լինելու ժամանակի խնդիր...
Տեր Եփրեմ Հարությունյան
Այս նյութը դիտել են - 3447 անգամ