Կիմա Եղիազարյանի նմաններն երբե՛ք չեն մահանում, ընդամենը հավերժանում են...
2018-10-21 05:59:00
Արդեն 40 օր է՝ հայ ժամանակակից լրագրության ականավոր ներկայցուցիչներից մեկը՝ Կիմա Եղիազարյանը, մեզ հետ չէ: 
Պետք է խոստովանել, որ նրա՝ մի ողջ հավերժություն թվացող բացակայությունից ի վեր, օդում, կարծես, մի անբացատրելի դատարկություն է առկախված, մի տարօրինակ զգացողություն է պատել շատ շատերին: Տորիչելյան սնամեջություն է շուրջբոլորը, որը կարող էր լցնել բացառապես Կիմա Եղիազարյանն, եթե ժամանակից շուտ չլքեր մեզ:
Կիման նախևառաջ մտավորական էր, իսկ դա, ինչպես հայտնի է, նախևառաջ որոշակի կենսակերպ ու արժեհամակարգ է ենթադրում, հայացքների յուրատեսակ սիստեմ, որ, սակայն, կարող է ոչ միանշանակ ընկալվել շրջապատի կողմից:
Այո՛, միգուցե Կիմա Եղիազարյանի ընդդիմադիր հայացքներն այսօր ոչ բոլորն են կիսում, սակայն միանշանակ է, որ անկախ ամեն ինչից, նա մշտապես աչքի է ընկել իր ակտիվ քաղաքացիական կեցվածքով՝ շուրջբոլորը կատարվողի վերաբերյալ հաճախ ունենալով սեփական, բոլորից տարբերվող հայացքներ ու տեսակետ՝ հանգամանք, որ, անկասկած, չի կարող խանգարել՝ նրան գնահատելու, արժևորելու այսօր:
Հստակ է մեկ բան՝ քանի դեռ կենդանի են Կիմային հիշողներն ու նրա թողած ժառանգությունը գնահատողները, նրա երկրային կյանքն երբեք չի ավարտվի:
Կիմա Եղիազարյանի նմաններն երբե՛ք չեն մահանում, ընդամենը հավերժանում են...
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 5385 անգամ