Հեղափոխական միֆը փլուզվում է. վարչապետի ուշագրավ խոստովանությունը
2018-10-17 09:52:00
Խոսելով Հունան Պողոսյանին՝ Սյունիքի մարզպետի պաշտոնին նշանակելու հետևանքով մարզում ստեղծված բողոքական տրամադրություններից ու մեկնաբանելով սյունեցիների կողմից միջպետական սահմանի փակումն՝ ի բողոք համապատասխան որոշման՝ Փաշինյանը հայտարաել է, որ դա ոչ թե սյունեցիներն են, այլ ՔՊ-ականները: «էդ սյունեցիները չեն, էդ մեր կուսակցության անդամներն են»,-հայտարարել է վարչապետը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում՝ միաժամանակ կրկնելով իր այն միտքը, թե այլևս եկել է բարիկադները քանդելու ու ջրբաժանները վերացնելու ժամանակը:

Իրականում վարչապետի խոստովանությունը բավական ուշագրավ պետք է համարել, քանի որ այսպիսով վարչապետն ակամա խոստովանում է, որ իր կողմից կայացրած որոշումը, որը մեծ աղմուկ է բարձրացրել, ոչ միանշանակ է ընկալվել նաև նրանց կողմից, ովքեր պետք է որ նման խնդիր չունենային ու միմիայն ողջունեին իրենց առաջնորդի «մարդասիրական», «խոհեմության գագաթնակետ» հանդիսացող որոշումը:
Փաստացի ստացվում է, որ Փաշինյանն իր հակասական որոշման արդյունքում հայտնվել է ներքին սաբոտաժի վտանգի առաջ:Բարիկադները քանդելու անվան տակ նախորդ իշխանությունների մարդկանց վերակենդանացնելն ակնհայտորեն դուր չի եկել ոչ միայն Փաշինյանին քննադատողներին կամ չեզոք դիրքորոշում ունեցողներին, այլև, Փաշինյանի խոստովանությամբ, նույնիսկ իր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին:
Կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերին, Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Համենայն դեպս՝ բոլոր նախանշանները հենց դրա մասին են վկայում, իսկ սա նշանակում է, որ Փաշինյանը փաստացի ընտրություններից կարճ ժամանակ առաջ մեծ խնդիրների առաջ կարող է կանգնել՝ բախվելով հակազդեցության` այնտեղից, որտեղից նա, թերևս, ամենաքիչն էր դա սպասում: Հեղափոխական միֆն այն մասին, որ Փաշինյանին ողջ հասարակությունն է կուրորեն վստահում, կարող է ընդամենը տեխնոլոգիական չհաջողված հնարքի վերածվել՝ դրանից բխող բոլոր քաղաքական հետևանքներով հանդերձ:
Մարդիկ, գուցե, ի զարմանս նորաթուխ հեղափոխականների, այնքան էլ հիմար չեն ու սկսում են գիտակցել, թե ինչ է իրականում տեղի ունենում…
Այս նյութը դիտել են - 3684 անգամ