Սպասվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Aysor
2018-10-15 00:30:00

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, կամ վաղը՝ հոկտեմբերի 16-ին, կներկայացնի իր հրաժարականը` դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:

«Ֆրանս 24» հեռուստաընկերությանը նա հայտնել էր, որ ընտրությունները «մոտավորապես դեկտեմբերի 9-ին-10-ին, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան»։

«Եվ սրա համար ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը», - ասել էր Փաշինյանը:

Ըստ Սահմանադրության՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:

Aysor.am

Այս նյութը դիտել են - 1857 անգամ