Փաշինյանի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը պարտքեր ունի արտասահմանում.Նրա դեմ դատական հայց են ներկայացրել American Express-ը և Capital One Bank-ը. Aravot
2018-10-13 20:28:00

Eurasianet.org կայքը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի մասին. վերջինս զբաղվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով:

Հոդվածում նշվում է, որ Գասպարյանը հուլիսին պաշտոնը ստանձնելուց հետո պարբերաբար հանդիպումներ է ունեցել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բացի այդ նա սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանին ուղեկցել է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար:

Միևնույն ժամանակ Գասպարյանը դատական գործընթացների մեջ է գտնվում Միացյալ Նահանգներում. մասնավորապես, վերջին երեք տարում նրա գործով երեք դատավարություն է տեղի ունեցել: Կայքի տեղեկություններով՝ Գասպարյանը, որը ինչպես Հայաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների քաղաքացի է, մեղադրվում է շուրջ 25 հազար ԱՄՆ դոլարի չափով պարտքերը չվճարելու համար։ Դատական գործերից երկուսն արդեն ավարտվել են, իսկ երրորդն ընթացքի մեջ է. այս գործում Գասպարյանը մեղադրվում է հափշտակություն կատարելու համար:

Նրա դեմ դատական հայց են ներկայացրել American Express-ը և Capital One Bank-ը: Հոդվածում գրված է, որ 2016թ. Գասպարյանը այցելել է Հայաստան, որպեսզի վաճառի իր ունեցվածքի մի մասը՝ ընկերոջից վերցրած գումարը վերադարձնելու համար: Խոսքը Գրեգ Քահվաճյանի մասին է, որին Գասպարյանը պարտք է շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար:

Նախքան Փաշինյանի կողմից հուլիսին խորհրդական նշանակվելը, Արսեն Գասպարյանը երկու տասնամյակ ապրել է Ռուսաստանում և ԱՄՆ-ում, իսկ 1990-ական թթ. պաշտոններ զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում: Ռուսաստան տեղափոխվելուց հետո Գասպարյանը, իրեն հռչակելով սիգար ծխելու մեծ վարպետ, սկսում է հրապարակել Hecho a Mano անունով թեմատիկ ամսագիր: Ավելի ուշ տեղափոխվում է Ֆլորիդա, որտեղ սկսում է զբաղվել սիգարի արտադրման բիզնեսով: Հեղինակի հետ զրույցում Գասպարյանը նշել է, որ 2014 թվականից կոմերցիոն որևէ գործունեությամբ չի զբաղվում:

Հոդվածագիրը նշում է նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կայքում Գասպարյանի կենսագրականի մեջ նշված չեն սիգարի բիզնես ունենալու, ինչպես նաև ռուսական նավթային ընկերությունում գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու մասին փաստերը: 

aravot.am

Այս նյութը դիտել են - 3707 անգամ