Նախկինները վերադառնում են.գերատեսչությունների սթաֆի ջախջախիչ մեծամասնությունը շարունակում են կազմել նախկինների օրոք թռփոշացածներն
2018-10-10 11:45:00
«Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորություն՝ ի կատար ածելու այն բոլոր երազանքները, որ մենք տարիներ շարունակ ունեինք և ունեին մեր երևանցիները»,- նորընտիր ավագանու անդրանիկ նիստում շնորհավորելով բոլոր անդամներին՝ հայտարարել է Հայկ Մարությանը:
Մարությանի հայտարարությունը, անկասկած, ոչ այնքան քաղաքապետի խոսք է հիշեցնում, որքան նմանվում է հեղափոխական խոստում-լոզունգի՝ աչքի ընկնելով ակնհայտ անորոշությամբ:
Մարությանի խոսքերն, անկասկած, պետք է դիտարկել առավել լայն պրիզմայի ներքո ու հասկանալ՝ կա՞, արդյոք, իրական հիմք՝ հուսալու, որ ոչ միայն նոր քաղաքապետն, այլևս, առհասարակ, նոր իշխանությունները կարճ ժամանակամիջոցում կարողանալու են անել այնպես, որ շարքային երևանցին կամ հայաստանցին իսկապես կարողանա լիաթոք ժպտալ: Երևանը Հայստանի մասնիկն է, ու եթե երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը կտրուկ չբարելավվի, ապա դժվար է պատկերացնել, թե ինչ հիմքով է երևանցին կյանքին նայելու վարդագույն պրիզմայով:
Այս իմաստով կարևոր է հասկանալ, թե ինչ է պետք ակնկալել հեղափոխական իշխանությունների հետագա գործունեությունից:
Բոլորովին գաղտնիք չէ, որ հասարակության կամ, ավելի ճիշտ, ողջ հայ ժողովրդի ապստամբության պատճառը հներից ազատվելու բուռն ցանկությունն էր: Կոռումպացված համակարգն այլևս սպառել էր իրեն, և հարկավոր էր արագորեն ազատվել այն բոլոր կադրերից, ովքեր երկար տարիներ շարունակ երկիրը փաստացի թալանի էին ենթարկել:
Պարզվում է, սակայն, որ այս առումով խնդիրն այնքան էլ հիմնովին լուծված չէ դեռևս, ու չի բացառվում նախկինների վերադրաձին ականատես դառնանք:
Պարզվում է՝ Փաշինյանի կադրային քաղաքականությունը սկսել է ճաքեր տալ: Պաշտոնների են նշանակվում նախորդ իշխանությունների հետ կապված, հասարակության շրջանում «կոռուպցիա» կոչվող երևույթի հետ ակտիվորեն ասոցացվող անձինք կամ նրանց որդիները:
Մասնավորապես՝ մամուլը գրել է, որ դիցուք, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը իր ղեկավարած կառույցը ակտիվորեն համալրում է նախկին իշխանության ներկայացուցիչներով. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սանասարյանը վարչության պետի պաշտոնում է նշանակել հարկային համակարգում կոռուպցիայի ճարտարապետներից մեկի` ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Ալավերդյանի որդուն:
Հոկտեմբերի 8-ին հայտնի էր դարձել, որ Փաշինյանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակել Արթուր Գրիգորյանին, ով նույնպես նախկինների թիմից է եղել՝ դրանից բխող բոլոր կոռուպցիոն ռիսկերով:
Հոկտեմբերի 10-ի կառավարության նիստի ժամանակ էլ Փաշինյանը հայտարարել է, որ Սպորտի ու երիտասարդության նախարար է նշանակելու Գաբրիել Ղազարյանին, ով նախարար է աշխատել 2014-2016թթ–երին, որից հետո մինչ այսօր սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալն է։
Այն, որ Փաշինյանի ներկայիս կառավարությունն առանձապես աչքի չի ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով, անվիճելի իրողություն է: Նույն իրավիճակն է այժմ ստեղծվել ցածր օղակներում, ուր հաճախ նշանակվում են մարդիկ, ովքեր ոլորտի հետ որևիցե կապ չունեն ու իրենց պաշտոններին են նշանակվել բացառապես այն պատճառով, որ հեղափոխության թեժ օրերին Փաշինյանին ասենք ջուր են հասցրել կամ քայլել նրա հետ միասին:
Այս խնդիրն, անկասկած, գիտակցում է նաև վարչապետն, ու ենթադրելի է՝ որոշել է հետզհետե դրան լուծում տալ: Հարցն այստեղ, սակայն, այն է, թե հատկապես ի՞նչ կերպ է որոշում կայացվել՝ խնդիրը լուծել փաստացի նախկին իշխանավորներին համակարգ վերադարձնելու միջոցով: Ի՞նչ է, մի՞թե հնարավոր չէ պատասխանատու պաշտոնների նշանակել այնպիսիներին, ովքեր, ունենալով բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներ, միաժամանակ չեն ասոցացվի ՀՀԿ-ական իշխանությունների հետ ու չեն համարվի նախկինների կադրեր կամ նախարարներ:
Ի դեպ՝ մի կարևոր փաստ ևս՝ հարկային ու մաքսային ոլորտներում, չգիտես ինչու, հեղափոխական իշխանությունների կողմից այդպես էլ կադրային կտրուկ փոփոխություններ չեն արվել, ու այդ գերատեսչությունների սթաֆի ջախջախիչ մեծամասնությունը շարունակում են կազմել նախկինների օրոք թռփոշացածներն, այնպիսիք, որոնց աշխատանքային կենսագրությունը, մեղմ ասած, չի փայլում անաղարտությամբ:
Այսքանից հետո բնական հարց է առաջանում՝ որքանո՞վ է արդարացված Հայկ Մարությանի լավատեսությունը, կամ տրվող խոստումը որքանո՞վ է իրատեսական:
Այո՛ Հայաստանին հարկավոր են բարձր պրոֆեսիոնալներ, ու հենց այդպիսիք պետք է արժանանան կարևոր պաշտոններ զբաղեցելու պատվին, սակայն մյուս կողմից հարց է, թե արդյոք Փաշինյանը չարդարացված ռիսկի չի՞ դիմում, երբ փորձում է վերադարձնել նախկիններին համակարգ ու փաստացի ստանձնել քաղաքական պատասխանատվություն նրանց գործունեության համար: Եվ որն է երաշխիքը, որ այս անգամ էլ ժողովուրդը ստիպված չի լինելու ապստամբել դարձ եկածների դեմ՝ զայրույթն այս անգամ ստիպված թափելով Փաշինյանի վրա ու հենց նրան ստիպելով պատասխանատվության ենթարկվել:
Նշենք,որ ավագանու առաջին նիստին անդամներից մի քանիսը՝ «հարգելով» նոր քաղաքապետին, սպարտիվկեքով ու գլխարկներով էին մասնակցում նիստին:
Այս նյութը դիտել են - 2544 անգամ