Պավել Մանուկյանը դատարանում հուզվեց. Նա եւ Արմեն Բիլյանը դադարեցրին հացադուլը
2018-10-10 09:30:00

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը քիչ առաջ դատարանում հայտարարեցին հացադուլից դուրս գալու մասին։ 

Պավել Մանուկյանը նաև այսօր ազատ արձակվեց: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց 1 միլիոն գրավը:

Հիշեցնենք, որ ինչպես այսօր հաղորդել է NEWS.am-ի թղթակիցը, Պավել Մանուկյանը հայտարարել է, որ Արայիկ Խանդոյանի անժամանակ մահը մեծ կորուստ է իրենց համար։

Պավել Մանուկյանը հուզված էր եւ դժվարությամբ էր արտաբերում բառերը: Նա նշեց հետեւյալը. «երկնակամարը մի փայլուն աստղ կորցրեց: արդարության մի մարտիկ էլ կորցրեցինք: Նա 49 տարեկանից 30-ը անցկացրեց զենքը ձեռքին սեփական ազգի համար պայքարելով»,- դժվարությամբ արտաբերեց Մանուկյանը: Նա նաեւ նշեց որ դադարեցնում է հացադուլը եւ նման կոչ արեց նաեւ Արմեն Բիլյանին: Բիլյանն իր հերթին ասաց, որ Խանդոյանի մահը անսպասելի ցավ էր, եւ հայտարարեց որ ինքը եւս դադարեցնում է մեկ շաբաթ տեւած հացադուլը:

Այսօրվա նիստին Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և նրա նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավը․ պաշտպանը, որպես գրավ առաջարկեց մեկ մլն դրամը։ Այսպիսով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մանուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

Նշենք, հոկտեմբեր 9–ի լույս 10–ի գիշերը Գյումրիում մահացել է այս գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի էր Միայնակ Գայլ անունով։ Նախնական վարկածով՝ Խանդոյանը մահացել է կաթվածից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստից առաջ վատացել էր Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը։ Նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարան էր ներկայացրել Խանդոյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր՝ միջնորդելով այդ հիմքով հետաձգել դատաքննությունը։ Նիստից հետո Խանդոյանը գնացել էր «Էրեբունի» ԲԿ՝ հետազոտության։

Հոկտեմբերի 3–ի դատական նիստում էլ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը եւ Պավել Մանուկյանը հացադուլ սկսեցին՝ պահանջելով փոխել իրենց խափանման միջոց կալանավորումը։

 

Այս նյութը դիտել են - 1584 անգամ